Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտությանը առաջիկա 1000 օրվա ընթացքում։ Այդ մասին երկրի պաշտպանության նախարար Ուեզ Ստրիթինգը հայտարարել է The Daily Telegraph թերթի համար գրված հոդվածում՝ նախազգուշացնելով, որ մինչև 2030 թվականը Միացյալ Թագավորության հավանական հակառակորդները կարող են երկրի վրա հարձակվելու հնարավորություն ստանալ։

«Մեր հակառակորդների՝ մեզ վնաս հասցնելու ցանկությունը նորություն չէ։ Բայց նրանց հնարավորությունները փոխվել են։ Մինչև 2030 թվականը նրանց զինված ուժերի և ռազմական տնտեսության հզորությունը կարող է նրանց թույլ տալ անցնել հարձակման։ Այսպիսով, մենք 1000-ից մի փոքր ավելի օր ունենք մեր խնդիրը կատարելու համար՝ պատրաստ լինել կռվելու և հաղթելու դաշնակիցների հետ միասին», — գրել է Ստրիթինգը։

Նախարարը չի նշել կոնկրետ երկիր, որը նշված ժամկետում կարող է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա։ Սակայն ավելի վաղ նա զգուշացրել էր Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին և կոչ էր արել ամրապնդել երկրի պաշտպանությունը և համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Հայտարարությունը հնչել է արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությունը բարձրացնելու կառավարության արշավի ֆոնին։ Իշխանությունները կոչ են անում բրիտանացիներին տանը ունենալ խմելու ջրի, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պաշար՝ կենսական կարևոր ծառայությունների աշխատանքի խափանումների դեպքում, այդ թվում՝ կիբեռհարձակումների և այլ սպառնալիքների պատճառով։

Ըստ Ստրիթինգի, պատրաստությունը պետք է ներառի ոչ միայն զինված ուժերի ամրապնդումը, այլև հնարավոր ճգնաժամերի նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացումը։