Սերբիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Tanjug-ը։

Ինչպես նշում է DW-ն, դրանք կարող են լուրջ փորձություն դառնալ նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող կուսակցության համար՝ գրեթե երկու տարվա զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։

Քաղաքացիները պետք է ընտրեն Ազգային ժողովի 250 պատգամավորի, իսկ գլխավոր մրցակիցներն են դարձել Սերբական առաջադիմական կուսակցությունը (ՍԱԿ) և երիտասարդության աջակցությունը վայելող ուսանողների ցուցակը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ն։ Ձայնի իրավունք ունեն ավելի քան 6,4 մլն գրանցված ընտրողներ։ Քվեարկությունն անցկացվում է 8392 տեղամասերում, այդ թվում՝ արտերկրում գործող 93 տեղամասերում։ Ընտրություններին ներկայացված է 18 ցուցակ, որոնք ընդհանուր առմամբ առաջադրել են 2418 թեկնածու, իսկ ինը ցուցակ ներկայացնում են ազգային փոքրամասնությունները։

Նովի Սադում, որտեղ 2024 թվականին երկաթուղային կայարանի ծածկի փլուզումը 16 մարդու մահվան պատճառ դարձավ, քվեարկությունը նույնպես սկսվել է առավոտյան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոշ տեղամասերի մոտ հերթեր էինառաջացել դեռևս պաշտոնական բացումից առաջ։

Նովի Սադի ողբերգությունը դարձավ զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի մեկնակետը։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին և հանդես են գալիս կոռուպցիայի դեմ։ Գրեթե երկու տարվա ընթացքում շարժումը վերածվել է երկրում բողոքի ամենախոշոր ալիքի՝ 2000 թվականին Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմի անկումից ի վեր։

Վուչիչը, որը ավելի քան տասը տարի մնացել էր սերբական քաղաքականության առանցքային դեմքերից մեկը, սեպտեմբերին հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին։ Անցած ամիս նա հեռացավ երկրի նախագահի պաշտոնից՝ վարչապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու նպատակով։ Նրա Սերբական առաջադիմական կուսակցությունը ձգտում է պահպանել իշխանությունը, որը տնօրինում է արդեն 14 տարի։

Ուսանողական ցուցակը հույս ունի միավորել գործող իշխանությունից դժգոհ ընտրողներին և հասնել կառավարության փոփոխության։ Նախընտրական հարցումների համաձայն, երկու հիմնական ուժերի միջև պայքարը խոստանում է լինել լարված, թեև նրանց աջակցության գնահատականները տարբեր են։ Քվեարկության արդյունքները կորոշեն խորհրդարանում մանդատների բաշխումը և նախարարների նոր կաբինետի ձևավորման հեռանկարները։