Կաթոլիկ հոգևորականների կողմից սեռական բռնությունից տուժածները համաձայնել են Նյու Յորքի արքեպիսկոպոսարանից ստանալ 800 մլն դոլարի փոխհատուցում, հայտնում է The New York Times-ը։

Համաձայնագիրը, որի մասին շաբաթ օրը հայտնել են տուժածների փաստաբանները, պետք է ավարտի երկարամյա դատական գործընթացները։

Պայմանավորվածությունը վերաբերում է մոտ 1300 մարդու։

The New York Times թերթի տվյալներով, որն առաջինն է հայտնել համաձայնագրի մասին, նրանցից յուրաքանչյուրը պետք է ստանա առնվազն 250 հազար դոլար։ Որոշ տուժածների վճարումների չափը կարող է ավելի մեծ լինել՝ կախված հանգամանքներից և վերապրած բռնության ծանրությունից։

«Նյու Յորքի արքեպիսկոպոսարանի դեմ հայց ներկայացրած տուժածների միաձայն համաձայնությունը կարևոր պահ է արդարության համար պայքարում», — հայտարարել է տուժածների փաստաբան Ջեֆ Անդերսոնը։

Ըստ նրա, տուժածների խիզախությունը, զոհողությունները և հաստատակամությունը նպաստել են պատասխանատվության ընդունմանը հասնելուն և արդարության ճանապարհին նշանակալի քայլ կատարելուն։

Վճարումների առաջարկը արքեպիսկոպոսարանը ներկայացրել էր մայիսին։ Համաձայնագրի պաշտոնական ստորագրումը սպասվում է նոյեմբերի սկզբին։

Նյու Յորքի արքեպիսկոպոս Ռոնալդ Հիքսը հոգևորականներին ուղղված նամակում հաստատել է պայմանավորվածության ձեռքբերումը։ Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կօգնի տուժածներին գտնել գոնե մասնակի ապաքինում և հաշտություն։

Հիքսը նաև նշել է, որ կարգավորումը թույլ կտա արքեպիսկոպոսարանին կրկին կենտրոնանալ իր կրոնական և բարեգործական գործունեության վրա։ Նա այդ պաշտոնում նշանակվել է Հռոմի պապ Լևոն XIV-ի կողմից 2025 թվականի դեկտեմբերին՝ փոխարինելով պահպանողական կարդինալ Թիմոթի Դոլանին։ Մինչ հեռանալը Դոլանը սկսել էր 300 մլն դոլար ծավալով հիմնադրամի ստեղծման գործընթաց՝ սեռական բռնությունից տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար։

Ներկայիս համաձայնագրի գումարը ԱՄՆ-ում կաթոլիկ հոգևորականների կողմից սեռական բռնության գործերով ամենախոշորներից մեկն է։ Ավելի մեծ՝ 880 մլն դոլարի փոխհատուցում Լոս Անջելեսի արքեպիսկոպոսարանը համաձայնեցրել էր 2024 թվականին։