ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին՝ ամերիկացի զինծառայողների արտաքինին և տեստոստերոնի մակարդակին նրա ուշադրության համար, գրում է The Hill-ը:
Շաբաթ օրը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում նախընտրական միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Օբաման հայտարարել է, որ պաշտպանության նախարարը կենտրոնացած է երկրորդական հարցերի վրա՝ լուրջ խնդիրներ լուծելու փոխարեն։
«Դուք ունեք պաշտպանության նախարար… Նա շատ զբաղված է կարևոր հարցերով, ինչպիսիք են մեր զինծառայողների ծնոտների ձևն ու տեստոստերոնի մակարդակը»,- ասել է նախկին նախագահը։
Օբաման նաև կատակել է այն մասին, թե Հեգսեթն առավոտյան որքան ժամանակ է անցկացնում հայելու առաջ։
ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով, Պենտագոնի ղեկավարի ուշադրությունը զինվորականների արտաքինի և ֆիզիկական ցուցանիշների նկատմամբ շեղում է ավելի կարևոր խնդիրների լուծումից և նպաստում Իրանի հետ պատերազմի ձգձգմանը։
Հեգսեթը բազմիցս դարձել է դեմոկրատների քննադատության թիրախ՝ Իրանի հետ պատերազմի հետ կապված իր գործողությունների և այն հռետորաբանության պատճառով, թե ամերիկացի զինվորականները պետք է լինեն «ռազմիկներ», այլ ոչ թե «տարօրինակներ»։ Պենտագոնի ղեկավարը նաև բանակը անվանել է անբավարար չափով առնական՝ տեստոստերոնի ցածր մակարդակի պատճառով, և հանձնարարել է այս հորմոնի թեստավորում անցկացնել մինչև 30 տարեկան արական սեռի զինծառայողների շրջանում։
Օբաման աջակցություն է հայտնել Օհայոյի նահանգապետի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Էմի Էքթոնին և Սենատի թեկնածու Շերրոդ Բրաունին։ Նա կոչ է արել նահանգի բնակիչներին աջակցել դեմոկրատներին այն բանից հետո, երբ մի քանի տարի շարունակ տարածաշրջանում ուժեղացել են հանրապետականների դիրքերը։
Օբաման մնում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի վերջին թեկնածուն, որին հաջողվել է հաղթել Օհայոյում. նա նահանգում հաղթել է 2008 և 2012 թվականների ընտրություններում։
Սենատում աղբյուրների տվյալներով, դեմոկրատները դիտարկում են նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո Հեգսեթի հրաժարականը պահանջելու հնարավորությունը։ Ընտրությունների և Կոնգրեսի նոր կազմի պաշտոնավարման մեկնարկի միջև ընկած ժամանակահատվածում որպես պաշտպանական քաղաքականության կարևոր հարցերի շուրջ համագործակցության հնարավոր պայմաններից մեկը նրանք կարող են պահանջել Պենտագոնի ղեկավարության փոփոխությունը։ The Hill-ի տեղեկություններով, նման նախաձեռնությանը կարող են աջակցել նաև որոշ հանրապետականներ։




























