Քենիայում առնվազն 22 մարդ է զոհվել երկրի գլխավոր մայրուղում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, հաղորդում է Associated Press-ը։
Նախնական տվյալներով, ավտոբուսի ուղևորները վերադառնում էին հուղարկավորությունից։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Մակուենի շրջանի հանձնակատար Աբդուլահի Խալիֆը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Դեպքի հանգամանքները դեռևս չեն պարզվել։ Քենիայում ճանապարհատրանսպորտային պատահարների տարածված պատճառների շարքում նախկինում նշվել են արագության գերազանցումն ու ճանապարհների վատ վիճակը։
Քենիայի տրանսպորտի և անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել բախումը, պաշտոնապես համարվում է վթարավտանգ գոտի։ Գերատեսչությունը նախկինում արդեն առաջարկել էր միջոցներ ձեռնարկել՝ ճանապարհի այդ հատվածում անվտանգությունը բարձրացնելու համար։
Ողբերգությունը տեղի է ունեցել նույն մայրուղում մեկ այլ վթարից ընդամենը երեք շաբաթ անց, մայրուղին կապում է մայրաքաղաք Նայրոբին ափամերձ Մոմբասա քաղաքի հետ։ Այն ժամանակ զոհվել էր 17 մարդ։





























