Գերմանիայի հարավում գտնվող «Արծվի բույն» լեռնային համալիրում, որը նացիստական ռեժիմի տարիներին օգտագործել է Ադոլֆ Հիտլերը, կիրակի գիշերը կրկին հրդեհ է բռնկվել, հաղորդում է dpa-ն՝ հղում անելով Բավարիայի ոստիկանության տվյալներին։
«Կրակը կրկին բարձրացել էր մոտավորապես մինչև սենյակի բարձրությունը», — պատմել է ոստիկանության ներկայացուցիչը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել է մարել կրակը։ Իրավապահների խոսքով՝ կրկնակի բռնկման պատճառ կարող էին լինել հիմնական հրդեհի մարումից հետո պահպանված մխացող ածուխները։
Պատմական շենքում խոշոր հրդեհը տեղի էր ունեցել ուրբաթ երեկոյան։ Ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի 33-ամյա քաղաքացու՝ հրկիզման կասկածանքով։ Նախնական հոգեբուժական գնահատման համաձայն, տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Այդ մասին հայտնել են դատախազության ներկայացուցիչները։
Շենքը լրջորեն վնասվել է և մեծ մասամբ ոչնչացվել կրակից։ Նախնական վնասը գնահատվում է մի քանի միլիոն եվրո։ Տուժածներ չկան․ ուրբաթ օրը համալիրում գործող ռեստորանը փակ էր։
«Արծվի բույնը», որը Գերմանիայում հայտնի է որպես Կելշտայնհաուս (Kehlsteinhaus), գտնվում է Օբերզալցբերգ լեռան գագաթին՝ ավելի քան 1800 մետր բարձրության վրա։ Համալիրը կառուցվել է 1930-ականներին՝ նացիստական ռեժիմի օրոք, այն տարածքի բարեկարգման շրջանակում, որից օգտվում էր Հիտլերը։
Բռնապետը մի քանի անգամ այցելել է շենք, որտեղ ընդունել է դիվանագետների և այլ օտարերկրյա հյուրերի։ Սակայն, ըստ Բերխտեսգադենի տեղական զբոսաշրջային ասոցիացիայի տվյալների, համալիրի քաղաքական նշանակությունը մեծ չի եղել․ այն հիմնականում օգտագործվել է բարձրաստիճան նացիստների հանգստի և մասնավոր հանդիսությունների համար։
1952 թվականից շենքում գործում է ռեստորան։ Այժմ այնտեղ ներկայացված է նաև ցուցադրություն՝ նվիրված նացիզմի ժամանակաշրջանում համալիրի պատմությանը։
Գերմանիայում հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»





























