Ռուսաստանը 2009 թվականին կաշառել է Ղրղըզստանին, որպեսզի վերջինս վերացնի Մանասում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը:Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստիի», մայիսի 25-ին Մոսկվայում տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:

«Ձեր երկիրը կաշառել է Ղրղըզստանին, որպեսզի ամերիկացիներին դուրս վռնդեն Մանասից»,-հայտարարել է դիվանագետը, խոստովանելով, որ Վաշինգթոնը եւս Բիշքեքիկ կաշառք է խոստացել, սակայն դրա չափը 10 անգամ ավելի փոքր է եղել:

Մաքֆոլը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չի փորձում ազդեցության ոլորտներ գրավել ղրղըզական կառավարությունում» եւ ընդգծել, որ Մանասի ռազմակայանն անհրաժեշտ է ամերիկյան զինվորների Աֆղանստան տեղափոխման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բիշքեքի Մանաս միջազգային օդանավակայանում ամերիկյան ռազմակայանը գործում է 2001 թվականից եւ օգտագործվում որպես տարանցման կետ ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի բեռները եւ զինվորներին Աֆղանստան տեղափոխելու համար:

2009-ի սկզբին Ղրղըզստանի իշխանությունները խզեցին ռազմակայանի տեղակայման պայմանագիրը եւ դեռ այն ժամանակ վերլուծաբանները դա կապեցին Ռուսաստանից որոշակի ֆինանսական օգնության հետ:

2009-ի ամռանը Ղրղըզստանն ու ԱՄՆ-ը նոր պայմանագիր կնքեցին, որի համաձայն ռազմակայանն վերանվանվեց «տարանցիկ փոխադրումների կենտրոն», սակայն նրա գործառույթները փաստացի մնացին նույնը:

Ղրղըզստանի իշխանությունների վերջին հայտարարությունների համաձայն, ռազմակայանը կփակվի արդեն 2014 թվականին, հաղորդում է Lenta.ru-ն: