Պորտուգալիայի ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների ճամբարը Լիսաբոնի կենտրոնում՝ կիրառելով մահակներ և ձերբակալելով 25 մարդու, հաղորդում է Reuters-ը։
Գործողությունը սկսվել է կիրակի օրը՝ գիշերվա մոտ երկուին, Ռոսիու հրապարակում, որտեղ շաբաթօրյա երթից հետո տեղադրվել էր ավելի քան 100 վրան։ Ոստիկանները նաև օգտագործել են ծառայողական շներ։
Ոստիկանության տվյալներով, ձերբակալվածներին մեղադրել են իրավապահների պահանջներին չենթարկվելու մեջ, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Երկուշաբթի նրանք պետք է ներկայանան դատարան։ Պորտուում նմանատիպ գործողության ընթացքում ապամոնտաժվել է մոտ 50 վրանից բաղկացած ճամբար, և ձերբակալվել է ևս վեց մարդ։

Ոստիկանությունը հայտնել է երկու գործողությունների մասնակիցների և աշխատակիցների շրջանում թեթև վնասվածքներ ստացած յոթ տուժածի մասին։ Սակայն Casa para Viver («Տուն՝ կյանքի համար») ակտիվիստական կազմակերպությունը հայտարարել է 60 տուժածի մասին և կոչ արել երեքշաբթի խորհրդարանի շենքի մոտ նոր ակցիա անցկացնել։
«Վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների դեմ շներ կիրառելու և նրանց մահակներով ցրելու որոշումը քաղաքական ընտրություն է։ Դա ցույց է տալիս, որ կառավարությունը նախընտրում է ճնշել նրանց, ովքեր հանդես են գալիս բնակարանային ճգնաժամի դեմ, փոխանակ խնդիրը լուծելու», — հայտարարել են ակտիվիստները։

Պորտուգալիան ապրում է Եվրոպայում ամենասուր բնակարանային ճգնաժամերից մեկը։ 2017 թվականից երկրում բնակարանի գները աճել են ավելի քան կրկնակի, իսկ նոր բնակարանների վարձակալության արժեքը գրեթե կրկնապատկվել է։ Ճգնաժամը հատկապես ծանր է անդրադառնում երիտասարդության վրա։ Պորտուգալիայի բանկի գնահատմամբ, երկրում պակասում է մոտ 300 հազար տուն և բնակարան — մոտավորապես այնքան բնակարանային միավոր, որքան կա ամբողջ Լիսաբոնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը հրաժարվի օրինագծից, որը հեշտացնում է վարձակալների վտարումը և վերացնում է նոր պայմանագրերով վարձավճարի սահմանափակումները։ Փաստաթուղթը խորհրդարանում արդեն անցել է առաջին ընթերցումը։





























