Ալժիրի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հարևան Նիգեր զորքեր ուղարկելու առաջարկին՝ էներգետիկ օբյեկտները պաշտպանելու համար։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 174 սենատորից 148-ը, AFP-ին հայտնել է պատգամավորներից մեկը։

Կիրակի ավելի ուշ առաջարկը պետք է քննարկի ստորին պալատը։

Որոշումն ընդունվել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ֆոնին՝ մի քանի ամիս տևած դիվանագիտական լարվածությունից հետո։ Ալժիրն ու Նիգերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ջիհադական խմբավորումների, սահմանանց հանցավորության և մաքսանենգության դեմ պայքարում։ Երկրներն ունեն ընդհանուր անապատային սահման՝ մոտ 960 կիլոմետր երկարությամբ։

Ավելի վաղ Ալժիրը Նիգերին էր փոխանցել չորս ռազմական ուղղաթիռ, իսկ հունիսին շահագործման էր հանձնել 40 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան, որը նախատեսված է Նիամեյին և հարակից շրջաններին էլեկտրականությամբ ապահովելու համար։

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր հարևան երկրին աջակցելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ որոշ ուժեր ձգտում են խաթարել նավթային, հանքարդյունաբերական և այլ ոլորտներում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները։

Երկրների միջև հարաբերությունները նախկինում բարդացել էին այն բանից հետո, երբ Ալժիրը խոցել էր Մալիի անօդաչու սարքը։ Ի պատասխան՝ Նիգերը, ինչպես նաև Մալին ու Բուրկինա Ֆասոն, որոնք կառավարվում են ռազմական կառավարությունների կողմից, հետ էին կանչել Ալժիրում իրենց դեսպաններին։

Նիգերում իշխանությունը պատկանում է գեներալ Աբդուրահման Տչիանիին, որը իշխանության է եկել 2023 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում։ Տապալված նախագահ Մոհամեդ Բազումն այդ ժամանակվանից մնում է կալանքի տակ։