Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի զանգվածային ցույցերից հետո, որոնք կազմակերպիչները անվանել են «մեծ հաջողություն», պատրաստվում են բողոքի նոր ակցիաներ, հայտնում է BFMTV-ն։
Արհմիությունները և հասարակական շարժումները առաջիկա շաբաթների համար հայտարարել են նոր ելույթների շարք, իսկ նոյեմբերի 5-ից մտադիր են ընդլայնել գործադուլները ձեռնարկություններում։
Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի (CGT) դեպարտամենտային բաժանմունքի գլխավոր քարտուղար Սեդրիկ Կոբերը հայտարարել է, որ ցուցարարները մտադիր են հասնել կոնկրետ միջոցների ընդունման՝ ի պատասխան քաղաքացիների դժգոհության։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 5-ից ակցիաներն ու գործադուլները կարող են սկսվել անմիջապես աշխատավայրերում։
«Դեղին բաճկոնները» կոչ են արել կողմնակիցներին հոկտեմբերի 30-ի երեկոյան հավաքվել Ազգային ժողովի շենքի և պատգամավորների ընդունարանների մոտ։ Նրանք մտադիր են հանդես գալ քաղաքացիական ազատությունների պաշտպանության օգտին և բողոք արտահայտել այն բանի դեմ, ինչը համարում են կառավարության ավտորիտար կուրս, այդ թվում՝ ցույցերի սահմանափակումները, պարետային ժամի սահմանումը և քաղաքների կենտրոնների փակումը։
Եվս մեկ համազգային ակցիա նախատեսված է հոկտեմբերի 31-ին։ Դրա մասնակիցները մտադիր են հանրահավաքներ և նստացույցեր անցկացնել խորհրդարանի և քաղաքապետարանների մոտ ամբողջ երկրում։ Կազմակերպիչները նաև կոչ են արել միավորել դպրոցականների, ուսանողների, աշխատողների, ֆերմերների և թոշակառուների ջանքերը։
Դպրոցական արձակուրդների ավարտից հետո՝ նոյեմբերի 2-ին, սպասվում է սովորողների բողոքի ակցիաների վերսկսում։ Նրանք պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը, կրճատել դասարաններում աշակերտների թիվը և չեղարկել բուհեր ընդունվելու Parcoursup համակարգը։
Նոյեմբերի 5-ին գրեթե բոլոր ֆրանսիական արհմիությունները նշանակել են ակցիաներ՝ գնողունակության պաշտպանության և աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Այդ օրը գործադուլի կոչ են արել նաև մասնավոր կրթության ոլորտի աշխատողների բոլոր արհմիությունները, ինչը նրանք անվանել են աննախադեպ քայլ։ Բացի այդ, նոյեմբերի 19-ին նախատեսված է թոշակառուների ակցիա, որոնք պահանջում են բարձրացնել թոշակները։





























