Աթենքում մահվանից գրեթե 2,5 հազար տարի հետո արդարացվել է անտիկ շրջանի փիլիսոփա Սոկրատեսը:

Ինչպես հաղորդում է «France24»-ը, Օնասիսի հիմնադրամի կողմից կազմակերպված լսումների ժամանակ Սոկրատեսին դատել են տասը հայտնի իրավաբաններ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից եւ Հունաստանից, ինչպես նաեւ 866 հանդիսատեսներ:

Դատավորների կարծիքը հավասար է բաժանվել, ինչը Սոկրատեսի ժամանակների օրենքով նշանակում է, որ նա կարդարացվեր:

Հանդիսատեսներից 584-ի կարծիքով նա եղել է անմեղ,  282-ի կարծիքով` մեղավոր: Այսպիսով, Սոկրատեսն արդարացվել է:

Հիշեցնենք, որ Սոկրատեսի նկատմամբ դատավարությունը կայացել էր մ.թ.ա. 399-րդ թվականին: Փիլիսոփային մեղադրել էին, որ նա չի ընդունում աստվածներին եւ աղավաղում է երիտասարդների միտքը: Նա մեղավոր էր ճանաչվել Աթենքի դեմ դավադրության մեջ եւ դատապարտվել կամ մահվան կամ արտաքսման: Սոկրատեսն ընտրել էր մահը` ընդունելով թույն եւ րոպեներ անց մահացել էր: