Financial Times-ի և Focaldata հետազոտական ընկերության հարցման տվյալներով, ԱՄՆ-ում գրանցված ընտրողների 69%-ը մտահոգված է կոռուպցիայով, իշխանությունն անձնական շահերի համար օգտագործմամբ և Դոնալդ Թրամփի վարչակազմում շահերի բախումներով։ 2024 թվականի ընտրություններում Թրամփին ձայն տված ամերիկացիների շրջանում նման պատասխան տվածների բաժինը գրեթե կեսն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին նախորդող նախընտրական արշավի ֆոնին։

Հարցումն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 16-18-ը, 1648 գրանցված ընտրողների շրջանում։ Մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետում կոռուպցիան դարձել է ավելի լուրջ խնդիր, քան նախորդ վարչակազմերի օրոք։

Դժգոհությունն ուժեղանում է կյանքի թանկացման ֆոնին։ Հարցվածների 56%-ը հայտարարել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատթարացել է 2025 թվականի հունվարին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, իսկ ավելի քան մեկ քառորդը կրճատել է անհրաժեշտ ապրանքների կամ բժշկական օգնության վրա կատարվող ծախսերը։

Միաժամանակ, 54%-ը գների աճի հիմնական պատասխանատվությունը վերագրել է Թրամփի վարչակազմին կամ Կոնգրեսի հանրապետականներին, իսկ ավելի քան 40%-ը հայտնել է, որ թանկացումները մեծացնում են միջանկյալ ընտրություններում դեմոկրատներին ձայն տալու հավանականությունը։

Սպիտակ տունը մերժել է շահերի բախման վերաբերյալ մեղադրանքները։ Վարչակազմի ներկայացուցիչ Դևիս Ինգլը հայտարարել է, որ Թրամփը պայքարում է դաշնային գերատեսչություններում խարդախության դեմ և գործում է ամերիկացիների շահերից ելնելով։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է FT-ն, լրացուցիչ քննադատության պատճառ են դառնում նախագահի ընտանիքի կրիպտոարժութային նախագծերը, որոնք, պարբերականի տվյալներով, նրան բերել են առնվազն մեկ միլիարդ դոլար։