Հազարավոր ոչխարներ և այծեր կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, անցել են Մադրիդի փողոցներով՝ սեզոնային արոտավայրեր անասուններին քշելու ամենամյա փառատոնի ընթացքում, հաղորդում է Associated Press-ը։

Երթը գրավել է զբոսաշրջիկների և տեղացիների մեծ բազմություն ու հիշեցրել Իսպանիայի դարավոր գյուղատնտեսական ավանդույթի մասին։

Այս տարի փառատոնի երթուղին ստիպված են եղել փոխել․ կազմակերպիչները որոշել են շրջանցել Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակը, որտեղ ակտիվիստները ճամբար էին խփել՝ ի նշան բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի։ Բողոքի ալիքը սրվել էր այն բանից հետո, երբ վտարել էին 87-ամյա Մարիա դել Կարմեն Աբասկալին, որը շուրջ 70 տարի ապրել էր Մադրիդի կենտրոնում գտնվող իր բնակարանում։ Վտարումից կարճ ժամանակ անց կինը մահացել է հիվանդանոցում։

Հոտերը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցել են զանգակների ղողանջի և կենդանիների մկկոցի ներքո։ Փառատոնը նվիրված է ոչ միայն հովվական ավանդույթների և անասուններին քշելու պատմական իրավունքների պահպանմանը, այլև ավանդական արածեցման էկոլոգիական առավելություններին։ Կենդանիները ուտում են թփուտներն ու չոր բուսականությունը, որոնք կարող են նպաստել անտառային հրդեհների չտարածմանը։

Անասունների սեզոնային տեղափոխումը արոտավայրերի միջև կոչվում է տրանսհումանս։ Մադրիդը նման փառատոն անցկացնում է 1994 թվականից, սակայն ավանդույթն ինքնին արմատներով հասնում է այն ժամանակներին, երբ բաց դաշտերն ու հովվական ճանապարհները հատում էին ներկայիս մայրաքաղաքի տարածքը։

Այսօր Իսպանիայում տրանսհումանսը աստիճանաբար վերանում է։ XX դարի կեսերից գյուղական շրջանների բնակիչները զանգվածաբար տեղափոխվում էին քաղաքներ՝ աշխատանքի որոնմամբ, իսկ գյուղատնտեսության ժամանակակից մեթոդները նվազեցրել են կենդանիների սեզոնային տեղափոխման անհրաժեշտությունը։ Ավանդույթը շարունակում են պահպանել համեմատաբար սակավաթիվ ֆերմերներ, որոնց համար այն կարևոր է թե՛ էկոլոգիական, թե՛ մշակութային տեսանկյունից։