Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև այս տարվա վերջ լուծում գտնել Ուկրաինայի 2027 թվականի ֆինանսավորման դեֆիցիտի խնդրին, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթին, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ։
«Անհրաժեշտ է սկսել 2027 թվականի համար մնացած ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու լուծումների որոնումը՝ նպատակ ունենալով մինչև տարվա վերջ հասնել քաղաքական համաձայնության»,- ասված է երեք էջանոց փաստաթղթում։
Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ, հաջորդ տարի Ուկրաինային լրացուցիչ կպահանջվի €70 մլրդ։ Այդ գումարից €40 մլրդ-ը բաժին է ընկնում պաշտպանական ծախսերին, ևս €30 մլրդ-ը՝ պետական բյուջեի ֆինանսավորմանը։ Դեֆիցիտը պահպանվում է նույնիսկ հաշվի առնելով €90 մլրդ վարկը, որի շուրջ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել 2025 թվականի դեկտեմբերին։
Եվրոպական հանձնաժողովը հաշվարկում է, որ լրացուցիչ միջոցներ կտրամադրեն Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Փաստաթղթում ընդգծվում է միջազգային գործընկերների կողմից ֆինանսական պարտավորությունների կատարման և Ուկրաինային աջակցության մեծացման անհրաժեշտությունը՝ երկրի առջև ծառացած լուրջ դժվարությունների ֆոնին։
Պաշտպանական ֆինանսավորման դեֆիցիտը կարող է կրճատվել մինչև €27 մլրդ, եթե ՆԱՏՕ-ի երկրները կատարեն պարտավորությունը՝ այս և հաջորդ տարիներին Կիևին տրամադրել երկկողմ օգնություն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 8-ին Անկարայում։ Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը զգուշացնում է, որ գնահատականները մնում են չափազանց անորոշ, հատկապես ռազմական ծախսերի մասով, և կարիքները կարող են ավելի մեծ լինել։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է ֆինանսավորման հնարավոր տարբերակների ցանկ, որը ԵՄ առաջնորդները պետք է քննարկեն նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովում։
Սառեցված ռուսաստանյան պետական ակտիվների օգտագործումը, ԵՄ երեք ներկայացուցիչների տվյալներով, հազիվ թե ներառվի քննարկվող տարբերակների թվում։ Բելգիան, որտեղ գտնվում է Euroclear ֆինանսական դեպոզիտարիան, որում կենտրոնացված է այդ ակտիվների հիմնական մասը, մտավախություն ունի Մոսկվայի կողմից հնարավոր պատասխան քայլերի կապակցությամբ։
Առանց նախաձեռնության անվերապահ աջակցության Բրյուսելը պատրաստ չէ համաձայնել այդ միջոցների օգտագործմանը։ Բացի այդ, ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեի շուրջ բարդ բանակցությունները կարող են ուկրաինական ֆինանսավորման հարցի լուծումը հետաձգել մինչև 2027 թվականի սկիզբ։ Եվրամիության ներկայացուցիչներից մեկն ընդգծել է, որ սահմանված ժամկետը խիստ չէ։





























