Թուրքական բյուջետային Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռը անցած շաբաթ փորձել է Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում թռիչք կատարել սխալ ուղղությամբ, հաղորդում է dpa-ն։

Դիսպետչերները ժամանակին նկատել են օդաչուների սխալը և կանգնեցրել օդանավը՝ կանխելով հնարավոր վտանգը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Airbus A321-ի հետ, որը պետք է մեկներ Ստամբուլ։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի, սակայն դեպի հարավ շարժվելու փոխարեն, ինչպես թույլատրել էին դիսպետչերները, սկսել է շարժվել դեպի հյուսիս։ Անձնակազմը ընդհատել է թափավազքը համեմատաբար փոքր արագության ժամանակ՝ մոտ 65 կմ/ժ։

Գերմանիայի օդային երթևեկության կառավարման DFS ծառայության ներկայացուցիչը կիրակի հաստատել է տեղի ունեցածը և թուրքական լոուքոսթերի օդաչուների սխալը անվանել «իսկապես անսովոր»։

«Նման բան հաճախ չի պատահում, հատկապես Գերմանիայում», — նշել է նա։

DFS-ի ներկայացուցչի վկայությամբ, ավիադիսպետչերներն անմիջապես նկատել են, որ ինքնաթիռը շարժվում է սխալ ուղղությամբ, և անձնակազմին հրահանգել են դուրս գալ թռիչքուղուց։ Նա ընդգծել է, որ անմիջական վտանգ չի առաջացել, քանի որ իրավիճակը հաջողվել է ժամանակին վերցնել վերահսկողության տակ։

Ինչպես հայտնել է The Aviation Herald ավիացիոն պորտալը, ինքնաթիռը թույլտվություն էր ստացել թռիչք կատարել 18-րդ թռիչքուղուց, որը նախատեսված է դեպի հարավ շարժման համար։ Սակայն անձնակազմը սկսել է թափավազքը հակառակ ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ օդանավը թռիչքուղի էր դուրս եկել իր համար նախատեսված ելքով։

DFS-ը միջադեպի մասին տեղեկությունը փոխանցել է Գերմանիայի ավիացիոն պատահարների հետաքննության դաշնային բյուրոյին (BFU)։ Դեպքի մասին հայտնել է նաև Ֆրանկֆուրտի օդանավակայանի օպերատոր Fraport-ը, որը հաստատել է պատահարի փաստը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։

The Aviation Herald-ի տվյալներով, այն բանից հետո, երբ ինքնաթիռը լքել է թռիչքուղին և իրավիճակը կարգավորվել է, այն բարեհաջող թռել է ճիշտ ուղղությամբ՝ առաջին փորձից ընդամենը յոթ րոպե անց։