ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է այն պահը, երբ Վաշինգտոնը ստիպված կլինի ընտրություն կատարել Իրանի հետ համաձայնության գալու և Թեհրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու միջև։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի Sunday Morning Futures հաղորդմանը տված հարցազրույցում՝ Մերձավոր Արևելքում ամերիկացի քաղաքացիների և զինծառայողների հասցեին սպառնալիքների աճի ֆոնին։

«Ես պետք է որոշում կայացնեմ՝ վերջ տալ սրան մեկընդմիշտ. դա շատ հեշտ կլիներ, թե՞ գործարք կնքել։ Ահա և ամեն ինչ»,- ասել է Թրամփը։ «Մենք խաղեր չենք խաղում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան նոյեմբերի 3-ին։ Տարածաշրջան են ուղարկվում նաև լրացուցիչ ռազմական ուժեր, այդ թվում՝ ավիակիր հարվածային երրորդ խումբը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, ընտրությունների և Կոնգրեսի նոր կազմի պաշտոնավարման միջև ընկած ժամանակահատվածը կարող է հատկապես վտանգավոր լինել։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական համաձայնագիրը դիտարկվում է որպես հակամարտությունն ավարտելու ամենահավանական ուղի։

Սպառնալիքների աճի ֆոնին Վաշինգտոնը կրճատում է դիվանագիտական և ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը զգուշացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որ Իրանը «զգալիորեն ակտիվացրել է ամերիկյան անձնակազմի վրա հարձակվելու փորձերը»։

Հոկտեմբերի 23-ի ծառայողական գրության մեջ նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիների դեմ պոտենցիալ մահացու հարձակումների նախապատրաստումը հասել է առաջադեմ փուլի ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ որոշ այլ երկրներում։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը կարգադրել էր Սաուդյան Արաբիայից դուրս բերել ոչ կենսական կարևորության առաջադրանքներ կատարող աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին՝ Եմենի հութիների հարձակումների ուժեղացման ֆոնին։ Ամերիկյան իշխանությունները նաև դիտարկում են տարածաշրջանում դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի հետագա կրճատման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 25-ին Թրամփը բացառել է նույն օրը Իրանի դեմ անհապաղ հարված հասցնելու հնարավորությունը։ Լրագրողների՝ հարձակման հավանականության մասին հարցին պատասխանելով՝ նա հայտարարել է, որ այն չի լինելու։