UHL Freedom բեռնատար նավի անձնակազմի անդամներից հինգը վիրավորվել են կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Նիդերլանդների ափերի մոտ Հյուսիսային ծովում տեղի ունեցած փոթորկի ժամանակ։ Տուժածներից երկուսին առափնյա պահպանության ուղղաթիռով տարհանել են և տեղափոխել Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոն, հաղորդում է նիդերլանդական ANP գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նավի խարիսխի շղթան կտրվել է, ինչից հետո այն կորցրել է Սխիրմոննիկոգ կղզու մոտ խարիսխային կանգառում մնալու հնարավորությունը։ Միջադեպի պահին նավի վրա եղել է 25 մարդ։ Նիդերլանդների ծովային փրկարարական ծառայության՝ KNRM-ի ներկայացուցիչը հայտնել է, որ վնասվածքների բնույթի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Փրկարարական գործողությանը ներգրավվել են նիդերլանդական փրկարարական խմբերը, առափնյա պահպանության ուղղաթիռը և գերմանական փրկարարական նավերը։ Նիդերլանդական ԶԼՄ-ների տվյալներով, միջադեպի շրջանում ալիքների բարձրությունը գերազանցել է 4,5 մետրը, իսկ քամու ուժգնությունը հասել է Բոֆորտի սանդղակով ինը բալի։
UHL Freedom-ը Պորտուգալիայի դրոշի ներքո ընթացող ծանր տրանսպորտային նավ է՝ մոտ 150 մետր երկարությամբ։ Այն տեղափոխում էր, մասնավորապես, հողմային տուրբինների շեղբեր։ Նավը գտնվում էր հատուկ խարիսխային կանգառում, որտեղ նավերը սպասում են հետագա տեղաշարժի թույլտվությանը։
Սխիրմոննիկոգ կղզին գտնվում է Նիդերլանդների հյուսիսային ափերի մոտ՝ Վատտային ծովում։ Հյուսիսային ծովի այս շրջանը ենթակա է ուժեղ քամիների և փոթորիկների, որոնք բարդացնում են փրկարարական ծառայությունների աշխատանքն ու նավերի տեղաշարժը։




























