Միչիգան նահանգի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը հայտարարել է, որ 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության լավագույն թեկնածուն կարող է կին լինել և վստահություն է հայտնել, որ դեմոկրատ նահանգապետերը կարող են հաղթել հավանական հանրապետական մրցակիցներին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այսպես է նա արձագանքել նախկին առաջին տիկին Միշել Օբամայի այն խոսքերին, թե ամերիկացի ընտրողները դեռ պատրաստ չեն կին ընտրել պետության ղեկավարի պաշտոնում։
«Ես խաղադրույք կկատարեի երկրի ցանկացած դեմոկրատ նահանգապետի վրա՝ 2028 թվականին Ջեյ Դի Վենսի կամ Մարկո Ռուբիոյի դեմ պայքարում»,— ասել է Ուիթմերը կիրակի օրը NBC News-ի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում։
Ուղիղ հարցին, թե արդյոք կինը կարող է լինել հանրապետականների դեմ ամենաուժեղ թեկնածուն, նահանգապետը պատասխանել է. «Այո՛, ես այդպես եմ կարծում»։
2025 թվականին Միշել Օբաման, մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ կին նախագահ ունենալուն։ «Ինչպես մենք տեսանք այս ընտրություններում, ցավոք, մենք դեռ պատրաստ չենք։ Այդ պատճառով նույնիսկ մի՛ հարցրեք ինձ առաջադրվելու մասին. դուք խորամանկում եք։ Դուք պատրաստ չեք կնոջը։ Պատրաստ չեք»,— ասել է նա։
Ուիթմերը չի հաստատել, բայց նաև չի բացառել իր սեփական մասնակցությունը նախագահական մրցապայքարին։ Ըստ նրա, հունվարին նահանգապետի պաշտոնը թողնելուց հետո նա մտադիր է մի փոքր հանգստանալ և որոշել, թե ինչով զբաղվել հետո։ Ավելի վաղ այս տարի նա հայտարարել էր, որ 2028 թվականին նախագահ չի առաջադրվելու, սակայն ավելի ուշ մեղմել էր իր դիրքորոշումը՝ նշելով, որ չպետք է այդ հնարավորությունը կտրականապես բացառել։
Դեմոկրատների կողմից առաջադրման այլ հավանական հավակնորդների թվում նշվում են Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Փրիցկերը, Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը և Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն, ինչպես նաև նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2028 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ երկու կուսակցություններն էլ պետք է նախնական ընտրություններում որոշեն իրենց թեկնածուներին։ Դեմոկրատները դեռ չեն հայտարարել պաշտոնական հավակնորդների մասին, սակայն խոշոր նահանգների նահանգապետերն արդեն ակտիվորեն մասնակցում են իրենց կուսակիցների նախընտրական արշավներին՝ 2026 թվականի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։




























