Վատիկանում գաղտնի փաստաթղթեր գողանալու կասկածանքով ձերբակալվել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի սենեկասպասավոր Պաոլո Գաբրիելեն, հայտնում է BBC Russian-ը:
Այս պահին հարցաքննում են սենեկասպասավորին, ում ձերբակալել են Վատիկանի գաղտնի, չափազանց գաղտնի եւ գաղտնիագույն փաստաթղթերի արտահոսքի գործի շրջանակներում: Այդ փաստաթղթերում պատմվում է «Սուրբ աթոռում» կոռուպցիայի, իշխանության համար պայքարի եւ այլ «քաջագործությունների » մասին, որոնք անում են կրոնավոր պաշտոնյաները: Դեռ մարտին Պապի հրամանով ձեւավորվեց հանձնաժողով, որը պետք է քններ փաստաթղթերի արտահոսքը, որոնք ընկել են լրագրողների ձեռքը:
Նշենք, որ Պապի անձնական աշխատասենյակ ներս մտնելու իրավունք ունեն չորս միանձնուհիներ եւ երկու քարտուղար, ինչպես նաեւ սենեկասպասավորը: Ւտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Գաբրիելեի բնակարանում, ով նույնպես բնակվում է Վատիկանի տարածքում, գտել են բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, Վատիկանը սպառնացել է դատական հետապնդում սկսել իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիի նկատմամբ` նրա «Նորին Սրբություն» (Sua Santita) գրքի համար: Սուրբ աթոռի կարծիքով` գիրքը խախտում է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի անձնական կյանքի իրավունքը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար մղվող անդրկուլիսյան պայքարին: Գրքի հեղինակը օգտագործել է նաեւ Բենեդիկտոս XVI-ի եւ նրա քարտուղարի միջեւ կայացած գաղտնի գրագրությունից հատվածներ:
Մայիսի 19 –ին Սուրբ աթոռի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Նուցիի գիքրը «զրպարտչական» եւ «հանցավոր» բնույթ ունի: Նա նաեւ խոստոցել է գտնել նրանց, ովքեր «գողացել են» Պապի անձնական փաստաթղթերը:




























