Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն ավելի քան տասը ամիս արտասահմանում գտնվելուց հետո վերադարձել է Վենեսուելա, հայտնում է BBC News-ը։
Նրա վերադարձը տեղի է ունենում երկրում լուրջ քաղաքական փոփոխությունների ֆոնին՝ այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները ձերբակալել են նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
«Ես այստեղ եմ։ Ձեզ հետ միասին»,- կիրակի օրը X սոցիալական ցանցում գրել է Մաչադոն։ Նրա դաշնակիցը՝ նախկին նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, շուտով հաստատել է այդ տեղեկությունը։ «Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ մեր առաջնորդը՝ իմ սիրելի Մարիա Կորինան, գտնվում է վենեսուելական հողում»,- հայտարարել է նա։
Կիրակի Մաչադոն այցելել է պատարագի Լարա նահանգի եկեղեցում։ Հրապարակված լուսանկարներում նրան շրջապատում են աջակիցները, որոնք գրկում են քաղաքական գործչին և սեղմում նրա ձեռքը։ Գոնսալեսը նրա վերադարձը կարևոր իրադարձություն է անվանել երկրի համար և հայտարարել, որ շուտով նույնպես կմիանա նրան՝ նպաստելու Վենեսուելայի շարժմանը «դեպի ազատություն»։
Հունվարին, Մաչադոյի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու համար Նորվեգիա մեկնելուց մոտ մեկ ամիս անց, ԱՄՆ-նձերբակալել է Մադուրոյին։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աջակցել է նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, որը ստանձնել է պետության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։ Ավելի ուշ Ռոդրիգեսը Վաշինգտոնի հետ նավթային համաձայնագիր է ստորագրել։
Մաչադոյի խորհրդականը սեպտեմբերին հայտնել էր, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում քաղաքական գործիչը յոթ անգամ փորձել է վերադառնալ Վենեսուելա, սակայն ամեն անգամ նրան մերժել են։ Առայժմ հայտնի չէ, թե վերադարձից հետո նա ինչ քայլեր կձեռնարկի։ Ավելի վաղ Մաչադոն հայտարարել էր, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե երկրում ընտրություններ անցկացվեն։
2023 թվականին Մաչադոն հաղթել է անկախ ընդդիմադիր փրայմերիզում՝ ստանալով ձայների ավելի քան 90%-ը։ Սակայն իշխանությունները նրան թույլ չեն տվել մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին՝ մեղադրելով խարդախության և հարկային օրենսդրության խախտումների մեջ։ Մաչադոն մերժել է մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, և աջակցել է Գոնսալեսի թեկնածությանը։
Ընտրություններից հետո կառավարության վերահսկողության տակ գտնվող ընտրական մարմինը հաղթող է հայտարարել Մադուրոյին՝ չհրապարակելով քվեարկության մանրամասն արդյունքները։ Ընդդիմությունը հայտարարել է Գոնսալեսի հաղթանակի մասին և իր պնդումները հաստատելու համար ներկայացրել է արձանագրությունների պատճենները։
Մաչադոյի ներկայացուցիչ Դավիդ Սմոլանսկին նրա վերադարձը անվանել է «կարևոր քայլ դեպի ժողովրդավարական անցում և մոտ ապագայում ազատ, արդար և ստուգելի նախագահական ընտրություններ»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԱՄՆ կառավարությանը և Կոնգրեսին աջակցության համար։
Վենեսուելայի քաղաքական ճգնաժամը սրվել է 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները վիճարկել է ընդդիմությունը։ Մաչադոն դարձել է Մադուրոյի կառավարությանը դիմադրության առանցքային դեմքերից մեկը և 2025 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ վենեսուելացիների ժողովրդավարական իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։




























