Պենտագոնը պատրաստում է ամերիկյան ռազմական բազաները առնվազն 90 օր արտաքին աջակցությունից անկախ գործելու՝ լայնածավալ պատերազմի դեպքում, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Նոր պահանջը FORTRESS ռազմական նախաձեռնության մի մասն է, որն ուղղված է նրան, որպեսզի ամերիկյան զորքերը կարողանան շարունակել մարտական գործողությունները նույնիսկ այն դեպքում, եթե խափանվի իրենց կախված քաղաքացիական համակարգերի աշխատանքը։

«Մենք չենք ցանկանում հենվել սովորական քաղաքացիական քաղաքային ենթակառուցվածքի վրա՝ մեր ազգային պաշտպանությունն ապահովելու համար։ Մենք պարզապես չենք կարող։ Սա անթույլատրելի ռիսկ է», - հեռուստաալիքին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։

Պենտագոնը նաև հիմք է ստեղծում՝ ճգնաժամի ժամանակ քաղաքացիական գործարանները պաշտպանական արտադրության վերակողմնորոշելու համար՝ միաժամանակ պատրաստելով մատակարարման այլընտրանքային շղթաներ և ռազմավարական պահուստներ՝ զենքի, վառելիքի և այլ անհրաժեշտ նյութերի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով։

FORTRESS ծրագրի շրջանակում ԱՄՆ մայրցամաքային տարածքում գտնվող յուրաքանչյուր խոշոր ռազմական բազա պետք է ինքնուրույն ապահովի հիմնական գործողությունները առնվազն 90 օր՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի և կապի հասանելիությունը։

«Էներգիան այժմ մարտական գործողությունների հիմքն է։ Առանց էլեկտրականության դուք կորցնում եք կապը, ջուրը, լոգիստիկան, հավաքման գծերը և նույնիսկ ռազմական հրամանատարության հիմնական կառույցները», - ասել է Պարնելը։

FORTRESS ռազմավարության շրջանակում նախատեսված են շարժական միջուկային ռեակտորներ, մարտկոցների հիման վրա մեծածավալ էներգիայի պահպանման համակարգեր և միկրոցանցեր, որոնք ունակ են անջատելու ռազմական օբյեկտները քաղաքացիական էլեկտրացանցից՝ թույլ տալով նրանց շարունակել աշխատանքը էլեկտրամատակարարման երկարատև խափանումների ժամանակ։

«Կենսական նշանակություն ունեցող էներգիայի աղբյուրները պետք է լինեն անկախ, հուսալի և պահուստային», - ասել է Պարնելը։

Ճգնաժամին նախապատրաստվելու շրջանակում FORTRESS-ը նախատեսում է զինամթերքի, վառելիքի, կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի, էլեկտրոնիկայի, պահեստամասերի և դեղամիջոցների ռազմավարական պահուստների ստեղծում, որոնք կարող են աջակցել ռազմական գործողություններին, եթե խաթարվեն մատակարարման միջազգային ուղիները կամ հայրենական արտադրողները չկարողանան բավարարել պատերազմական ժամանակաշրջանի պահանջարկը։

Էներգետիկայից և արտադրությունից բացի, նախաձեռնությունը ներառում է նաև ռազմական կապի միջոցների, նավիգացիայի և արբանյակային հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ջանքեր՝ խոչընդոտների պայմաններում, այդ թվում՝ GPS ազդանշանների խլացման կամ տիեզերական սարքերի աշխատանքի խափանման դեպքում գործողությունների պահպանման նախապատրաստում։

«Նման որոշումներ չպետք է ընդունել մի քանի ճակատներում ընթացող գլոբալ հակամարտության ամենաթեժ պահին։ Մենք պետք է ծրագիր ունենանք», - ընդգծել է Պարնելը։

Նա FORTRESS ծրագիրը բնութագրել է որպես ԱՄՆ տարածքի համար մի տեսակ «ապահովագրական պոլիս», որը կոչված է երաշխավորելու, որ ամերիկյան զորքերը կկարողանան շարունակել գործել, նույնիսկ եթե լայնածավալ պատերազմը հանգեցնի այն ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների ավերմանը, որոնցից նրանք կախված են։