Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին։

«Անօդաչուներով հարվածներ են հասցվել հում նավթը արևելյան և արևմտյան ուղղություններով մղող պոմպակայաններին։ Հարվածները ճշգրիտ էին»,- հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Բացի այդ, հութիները հայտնել են, որ բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել արաբական կոալիցիայի ռազմական թիրախներին Եմենի Ադեն և Լահջ նահանգներում։

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է զինված դիմակայությունը հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի միջև։ 2026 թվականի հուլիսին ապստամբները հայտարարեցին թագավորության նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին, ինչից հետո հարձակվեցին նրան պատկանող մի քանի նավթատար տանկերների վրա։ Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակում սկսեց Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերի 10-11-ին վերահսկողություն հաստատեց Մոխա նավահանգստային քաղաքի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա տարածքների նկատմամբ։ Հոկտեմբերի 4-ին Եմենի կառավարական ուժերը հայտարարեցին ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։