Ուրբաթ օրվա առևտրային նստաշրջանն Արևմտյան Եվրոպայի ֆոնդային շուկաները հիմնականում ավարտել են անկմամբ. ներդրողները գնահատում էին վիճակագրական տվյալներն ու ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համահավաք ինդեքսը նվազել է 0,3%-ով՝ կազմելով 635,77 կետ։ Bloomberg գործակալության հարցված վերլուծաբանները կանխատեսում են, որ տարեվերջին ցուցանիշը կհասնի 645 կետի։

Բրիտանական FTSE 100-ը նույնպես կորցրել է 0,3%, գերմանական DAX-ը՝ 0,8%, իսկ ֆրանսիական CAC 40-ը՝ 0,4%։ Միևնույն ժամանակ, իտալական FTSE MIB-ը և իսպանական IBEX 35-ը գրանցել են 0,4-ական տոկոս աճ։

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին երկրում մանրածախ վաճառքի ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,4%-ով։ Օգոստոսին, վերանայված տվյալների համաձայն, ցուցանիշն աճել էր 0,7%-ով, այլ ոչ թե 0,5%-ով։ Տարեկան կտրվածքով վաճառքի ծավալն անցած ամիս ավելացել է 0,8%-ով՝ նախորդ ամսվա 2,7% աճից հետո։

NIQ GfK վերլուծական ընկերության հաշվետվության համաձայն՝ Բրիտանիայում սպառողների վստահության ինդեքսը հոկտեմբերին նախորդ ամսվա -13 կետից իջել է մինչև -24 կետ։ Սա ամենախոր անկումն է 2020 թվականի ապրիլից ի վեր։

Ըստ S&P Global-ի նախնական տվյալների՝ եվրագոտում գնումների մենեջերների համահավաք ինդեքսը (PMI) հոկտեմբերին կազմել է 51,9 կետ՝ սեպտեմբերի 53,1 կետի դիմաց։ Եվրագոտու արդյունաբերական PMI-ը 52,9 կետից իջել է 52,4 կետի, իսկ ծառայությունների ոլորտի ինդեքսը՝ 53-ից 51,7 կետի։ 50 կետից բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ակտիվության աճի մասին։

Գերմանիայում համահավաք PMI-ը սեպտեմբերի 53,8 կետից նվազել է մինչև 52,8 կետ։ Արդյունաբերական ինդեքսը կազմել է 54,2 կետ՝ նախորդ ամսվա 53,9 կետի դիմաց, իսկ ծառայությունների ոլորտի PMI-ը՝ 51,7 կետ՝ 52,9 կետի դիմաց։

Ֆրանսիական համահավաք PMI-ը հոկտեմբերին իջել է 48,4 կետի՝ սեպտեմբերի 51,1 կետի համեմատ։ Արդյունաբերության ոլորտի ինդեքսը 50,6 կետից նվազել է 49,3 կետի, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 51,2-ից 48,4 կետի։

Մեծ Բրիտանիայի համահավաք PMI-ը սեպտեմբերի 52 կետից բարձրացել է 53,1 կետի։ Արդյունաբերական PMI-ն աճել է՝ 51,9 կետից հասնելով 52,8 կետի, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 52,1-ից 53,1 կետի։

Միևնույն ժամանակ, եվրագոտում սպառողների գնաճային սպասումների ինդեքսն անցած ամիս օգոստոսի 3%-ից աճել է մինչև 3,1%՝ հասնելով վերջին չորս ամսվա առավելագույն մակարդակին։

Stoxx 600-ի կազմում ամենամեծ անկումը գրանցել է ֆրանսիական Kering-ը (-16,6%)։ Նորաձևության բրենդներ միավորող ընկերության հասույթն անցած եռամսյակում համապատասխանել է շուկայի սպասումներին, սակայն նրա առանցքային ապրանքանիշի՝ Gucci-ի վաճառքի ցուցանիշները զիջել են փորձագետների կանխատեսումներին։

Շվեդական Lifco ներդրումային ընկերության և ավտոպահեստամասեր մատակարարող ֆրանսիական Valeo-ի շուկայական կապիտալիզացիան թույլ եռամսյակային հաշվետվությունների պատճառով կրճատվել է համապատասխանաբար 12,1%-ով և 11,5%-ով։

Բեռնման-բեռնաթափման տեխնիկա արտադրող ֆիննական HIAB-ի արժեթղթերն էժանացել են 11,7%-ով՝ չնայած հուլիս-սեպտեմբեր ամիսների դրական ցուցանիշներին։

Շվեդական Volvo Cars-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է՝ 24,2%-ով. ավտոարտադրողն անցած եռամսյակն ավարտել է զուտ վնասով, իսկ հասույթը կրճատվել է 23%-ով։

BE Semiconductor-ի շուկայական արժեքը նվազել է 7,7%-ով, Rolls-Royce Holdings-ինը՝ 7,6%-ով, Compagnie Financiere Richemont-ինը՝ 6,4%-ով, իսկ Stellantis-ինը՝ 6,3%-ով։

Stoxx 600-ի կազմում ամենաբարձր աճը գրանցել են հանրային սննդի ծառայություններ մատուցող Sodexo-ի արժեթղթերը՝ թանկանալով 6,3%-ով։ Ավելի վաղ ֆրանսիական ընկերությունը հրապարակել էր օգոստոսին ավարտված ֆինանսական տարվա հաշվետվությունը, ըստ որի՝ տարեկան հասույթն ու գործառնական շահույթը գերազանցել են փորձագետների գնահատականները։

Օգտագործված տարաների ընդունման ավտոմատներ և աղբի տեսակավորման սենսորային համակարգեր արտադրող նորվեգական Tomra Systems-ի կապիտալիզացիան աճել է 1,5%-ով՝ երրորդ եռամսյակում հասույթի և զուտ շահույթի զգալի աճ արձանագրած հաջող հաշվետվությունից հետո։

Շվեյցարական Holcim-ի շուկայական արժեքն ավելացել է 5%-ով։ Շինանյութեր արտադրող ընկերությունն անցած եռամսյակի բարձր արդյունքների շնորհիվ բարելավել է իր տարեկան կանխատեսումը։

Ֆրանսիական L'Oreal-ի կապիտալիզացիան աճել է 5,6%-ով. կոսմետիկա արտադրող ընկերության հուլիս-սեպտեմբերի հասույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները։

Իտալական Eni-ի բաժնետոմսերը թանկացել են 5,8%-ով։ Նավթագազային ընկերությունը հայտնել է անցած եռամսյակում զուտ շահույթի քառապատիկ աճի, ինչպես նաև մեկ բաժնետոմսի դիմաց 0,46 եվրո հատուկ շահաբաժին վճարելու մասին։

Թանկացել են նաև ոլորտի մյուս ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ BP Plc-ինը՝ 4,4%-ով, Shell-ինը՝ 3,7%-ով, TotalEnergies-ինը՝ 4,3%-ով, իսկ Equinor-ինը՝ 5,1%-ով։