Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Կորեական թերակղզու հարավում անցկացնում են Freedom Flag համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ՌՕՈՒ-ին։
Զորավարժություններն անցկացվում են հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը՝ Կունսան ավիաբազայում։ Կորեայի Հանրապետությունը դրանցում ներգրավել է F-15K, KF-16 և F-35A կործանիչներ, ինչպես նաև KC-330 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և հեռահար ռադիոտեղորոշման E-737 ինքնաթիռ։ Ամերիկյան կողմը, որը ներկայացված է Ռազմաօդային ուժերով, Ռազմածովային ուժերով և Ծովային հետևակի կորպուսով, գործարկել է F-16 և F-35B կործանիչներ, RC-135 հետախուզական ինքնաթիռ, MH-60S Seahawk ուղղաթիռներ և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր։
Yonhap-ը նշում է, որ տարին երկու անգամ անցկացվող Freedom Flag զորավարժությունների նպատակն է բարձրացնել երկու երկրների զինծառայողների գործողությունների ներդաշնակությունն ու մարտունակությունը. մասնավորապես՝ մշակվում են պաշտպանական բնույթի գործողություններ և հակառակորդի ավիացիայի որսման վարժանքներ։ Գործակալության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է նաև փորձի փոխանակում օդաչուների միջև։
Հոկտեմբերի 19-ից 30-ը Կորեայի Հանրապետության զինված ուժերն անցկացնում են «Հոգուկ» ամենամյա լայնածավալ զորավարժությունները։ Մինչ այդ զինվորականները մշակել են գետանցման գործողություններ, իսկ երկրի Ծովային հետևակի կորպուսը վարժանքներ է անցկացրել Դեղին ծովի սահմանամերձ կղզիներում։ Կայացել են նաև Կորեական թերակղզում լայնածավալ հակամարտության սցենարով հակառակորդի հրետանուն հակազդելու վարժանքներ։




























