Սև ծովն առևտրային նավագնացության համար դարձել է ամենամահաբերը աշխարհում։ 2026 թվականի սկզբից ի վեր այնտեղ նավերի վրա ավելի քան 570 հարձակում է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 նավաստի։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ծովային անվտանգության Ambrey ընկերության և Միջազգային ծովային կազմակերպության տվյալներին։ Իրավիճակը կտրուկ վատթարացել է ամռանը։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հարվածների տակ է հայտնվել 387 նավ՝ ավելի քան հինգ անգամ շատ, քան նախորդ եռամսյակում։ Դրանց մի մասը տուժել է նավահանգիստների գնդակոծության ժամանակ։ Երրորդ եռամսյակում Սև ծովում օրական միջինում նավերի վրա ավելի քան չորս հարձակում է տեղի ունեցել։ Ambrey-ի գնահատմամբ՝ վերջին 45 օրվա ընթացքում նման հարձակումների շուրջ 90%-ն իրականացրել է Ռուսաստանը։

Հացահատիկի և նավթի մատակարարման համար կարևոր նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանն ավելի վտանգավոր է դարձել, քան Պարսից ծոցը. այստեղ նավերի վրա հարձակումների թիվն ավելի քան վեց անգամ մեծ է։ Հորմուզի նեղուցի շրջանում նույն ժամանակահատվածում զոհվել է 24 նավաստի։ Սև ծովում հարձակման հետևանքով վերջին տուժածներից մեկը Khoryv բեռնանավն է, որի անձնակազմը կազմված է եղել ուկրաինացիներից և ադրբեջանցիներից։ Հոկտեմբերի 23-ին՝ Ռումինիայի ափերի մոտ, նավի վրա հրդեհ է բռնկվել, որից հետո այն խորտակվել է։ Մեկ նավաստի զոհվել է, ևս երեքը համարվում են անհետ կորած։ Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը բեռնանավին հարվածել է անօդաչու թռչող սարքով։

Հոկտեմբերի 6-ին Բուլղարիայի ափերի մոտ խորտակվել է Alfa Watan բեռնանավը. տասը նավաստի անհետ կորել է։ Հոկտեմբերի 13-ին Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում անօդաչուի հարվածից հետո խորտակվել է HS Dignity նավը, ինչի հետևանքով անհետ կորել է 11 մարդ։ Վնասվել են նաև Able և Chelsea-3 բեռնանավերը։ Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի ափերի մոտ հրդեհվել են Wine Trader և Yara J լցանավերը. Wine Trader-ի յոթ նավաստի անհետ կորել է։ Ambrey ընկերության ավագ վերլուծաբան Թոմաշ Ալեքսան նշել է, որ հարվածները հասցվում են ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերին։ Իսկ բուլղարական նավագնացային գործակալության սեփականատեր Թոդոր Գեորգիևը նախազգուշացրել է, որ Սև ծովն առևտրային նավատորմի համար կարող է վերածվել «մեռյալ գոտու»։

Վտանգի աճն արդեն իսկ հանգեցրել է ուկրաինական նավահանգիստներում նավագնացության կրճատմանը։ TIS օպերատորի տվյալներով՝ սեպտեմբերին Մեծ Օդեսայի նավահանգիստներն ընդունել են 10-ից էլ քիչ նավ՝ հուլիսի շուրջ 400-ի դիմաց։ Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսին գյուղմթերքի ծովային արտահանումը կրճատվել է մինչև 1,4 միլիոն տոննա, ինչը մոտ 75%-ով պակաս է նախապատերազմյան մակարդակից։ Միևնույն ամսվա ընթացքում Սև և Ազովի ծովերի նավահանգիստներով ռուսական հացահատիկի առաքումները տարեկան կտրվածքով նվազել են վեց անգամ։

Ըստ FT-ի՝ նավագնացային ընկերություններն այժմ վերանայում են իրենց առևտրային գործառնությունները Ռումինիայի ափերի մոտ գտնվող Սուլինա խարսխակայանում։ Հարձակումների պատճառով Սև ծովում ռազմական ռիսկերի ապահովագրությունը կարող է հասնել նավի իրանի արժեքի 15%-ին և արժենալ գրեթե երկու անգամ ավելի թանկ, քան Պարսից ծոցում։ Այդ պատճառով փոխադրողները կա՛մ հրաժարվում են աշխատել տարածաշրջանում, կա՛մ փորձում են կրճատել ծախսերը և օգտագործում են ավելի հին նավեր։ Դրանցից որոշների տարիքը հասնում է 50-ի, իսկ տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար։