Մենք ավելացնելու ենք էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշվեց, որ այսօր էլեկտրական տրանսպորտը կաշխատի մինչև 20:30-21:00-ը, իսկ փոփոխությունից հետո աշխատելու է մինչև 23:00–24։00–ն։

«Այս բոլոր փոփոխությունները գալիս են ասելու, որ մենք շարունակական առաջնահերթություն ենք տալիս հանրային տրանսպորտին։ Սա բնական է, որովհետև ավելացող մարդատար ավտոմեքենաների քանակը ստեղծում է խնդիր մեր հանրային տրանսպորտի աշխատանքի համար, քաղաքում տեղաշարժվելու հուսալի գոնե մեկ մեթոդ պետք է լինի, և այդ մեկ մեթոդը պետք է լինի հանրային տրանսպորտը։

Մեր ճանապարհները, կներեք, ռեզինից չեն, իրենք չեն կարող անընդհատ ավելի լայնանալ։ Նույնիսկ եթե լայնանան, նաև գիտությունն ասում է, որ էլ ավել ավտոմեքենա կհայտնվի այդ լայնացած ճանապարհների վրա։ Դրա համար սա է այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք։ Մենք պետք է տանք առաջնահերթություն հանրային տրանսպորտին, և մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ նույնիսկ հարուստ մարդիկ համարեն, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է։ Այն օրը, երբ մարդիկ, որոնք ունեն բավարար եկամուտ մեկ, երկու, նույնիսկ երեք մեքենա գնելու, կհամարեն, որ իրենց համար այս քաղաքում տեղաշարժվելու ամենահարմար տարբերակը հանրային տրանսպորտն է։

Մենք պետք է գնանք հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ավելացմանը, նոր էլեկտրատրանսպորտի ամբողջական գործարկմանը, նոր արդեն էլեկտրական ավտոբուսների գնմանը և բերելով մի իրավիճակի, երբ որ իրապես հանրային տրանսպորտը հուսալի է, երբ որ դու գիտես, որ իր հաճախականությունը կանգառ գալու բավականին ինտենսիվ է և դու չես ուշանալու։

Ես նույնիսկ թվային ցուցանիշ եմ բարձրաձայնել, ես ասել եմ, որ մինչև 2030 թվականը Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ընդհանուր շարժունակությունը քաղաքում պետք է ավելացվի 30%-ով։ Սա նշանակում է, որ հանրային տրանսպորտի միջին ծախսած ժամանակը իր ուղեգիծը սպասարկելու համար 30%-ով պետք է կրճատվի։ Սա շատ իրատեսական խնդիր է»,–ասաց նա։