Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է այս տարի միջին նորոգված Իսակովի պողոտան կրկին լայնակի քանդելու աշխատանքներին։ Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետի խոսքով՝ Ջրային կոմիտեի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն մինչև ճանապարհների նորոգումը, որպեսզի խուսափեն նորոգված փողոցները կրկին քանդելուց։

«Քաղաքի առաջնահերթությունը նոր միջին նորոգված ճանապարհը քանդելը չէ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով, որ այս փուլում առաջնահերթ են նաև Նորագյուղի բնակիչների տների դիմաց արդար փոխհատուցման հարցը և Իսակովի պողոտայի անխափան երթևեկության ապահովումը։

Քաղաքապետի խորհրդական Արեյանն էլ նշեց, որ Նորագյուղի ջրամատակարարման նոր ցանցի կառուցման այլընտրանքային լուծում այս պահին չեն գտել։