Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում բնակչության գնողունակության անկման դեմ անցկացված ցույցերից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 1,4 հազար մարդու։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Ամբողջ երկրում բերման է ենթարկվել 1 435 մարդ», — ասել է նա։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 267 ոստիկան, վնասվածքներ է ստացել նաև 250 ցուցարար։

Հոկտեմբերի 24-ին ողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիութենական և ուսանողական շարժումների մասնակցությամբ։ Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ՆԳՆ-ն խոստացել էր հասարակական կարգի պահպանման գործում ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Շատ քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային ակցիաներն ու պարետային ժամ սահմանել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ակցիաներին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ CGT արհմիությունը հայտնել է 800 հազար մասնակցի մասին։