Իրանին չի հետաքրքրում, թե ով հաղթանակ կտանի Իսրայելի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեզ համար միևնույն է, թե ով կգլխավորի մի ռեժիմ, որի միակ «ձեռքբերումը» սպանություններն ու ցեղասպանությունն են»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է նա։

Բաղային Իսրայելի ընտրությունները համեմատել է տարբեր հանցախմբերի մրցավազքի հետ, որտեղ գլխավոր նպատակն ավելի շատ սարսափելի արարքներ կատարելն է։ Ըստ դիվանագետի՝ իսրայելցի քաղաքական գործիչների հիմնական նշանաբանն է. «Ես քեզանից ավելի շատ հանցագործություն կարող եմ անել»։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։ Ընտրությունների արդյունքներով ձևավորվելու է նոր գումարման Քնեսեթը, որից հետո ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության առաջնորդն ստանձնելու է նոր կառավարության կազմավորումը։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության իշխող դաշինքն ու միավորված ընդդիմությունը ընթանում են գրեթե հավասար։ Ընդ որում, կողմերից ոչ մեկին դեռ չի հաջողվում ստանալ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը (Քնեսեթի 120 տեղերից 61-ը)։