Ֆրանսիան հայտնվել է բյուջետային ու սոցիալական ճգնաժամերի մի այնպիսի փակ շրջանում, որտեղ խնդիրներն անընդհատ սնում ու խորացնում են միմյանց. երկրին օրեցօր ավելի հաճախ են կնքում որպես Եվրոպայի նոր «հիվանդ մարդ»։ Այս մասին հոկտեմբերի 26-ին գրել է Politico պարբերականը։
«Հենց նախագահական նոր ընտրությունների նախօրեին Ֆրանսիան վերածվեց Եվրոպայի նոր «հիվանդ մարդու»։ Եվրամիության երկրորդ խոշորագույն տնտեսությունը գլորվել է բյուջետային ու սոցիալական ցնցումների անվերջանալի հորձանուտը, որտեղ մեկ ճգնաժամը սաստկացնում է մյուսը»,— ասվում է հոդվածում։
Հրապարակումը նաև հիշեցնում է, որ «Եվրոպայի հիվանդ մարդ» պիտակը դեռ 20-րդ դարի սկզբին փակցվել էր փլուզման եզրին գտնվող Օսմանյան կայսրությանը։
Երկրի նախկին վարչապետ Միշել Բարնյեն Politico-ի հետ զրույցում խոստովանել է, որ հանրապետությունն իրականում կանգնած է ֆինանսական կոլապսի շեմին։ Իսկ պարբերականի դիվանագիտական ու պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ Ֆրանսիայում գործընթացները կարող են կրկնել Իտալիայի 2011 թվականի դառը փորձը, երբ ծանր ճգնաժամի պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին ստիպված եղավ իշխանությունը զիջել Մարիո Մոնտիի գլխավորած տեխնոկրատների կառավարությանը։





























