ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո ընդամենը 96 ժամվա ընթացքում ամերիկյան բանակը կարող է Իրանի դեմ նոր ու լայնածավալ հարձակում սկսել։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։

Տարածաշրջանում նման գործողությունների համար անհրաժեշտ ուժերն արդեն տեղում են։ Եթե 2026-ի սկզբին ակտիվ ռազմական փուլի ավարտից հետո ամերիկացիները հարվածում էին զուտ ռադարներին, հրթիռային կայանքներին կամ հեշտ վերականգնվող օբյեկտներին, ապա այս անգամ հարվածների մասշտաբը կարող է շատ ավելի մեծ լինել։ Պաշտոնյաների խոսքով՝ հարցն այն չէ՝ կլինի՞ հրաման, թե՞ ոչ, այլ թե ե՞րբ կտրվի այն։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա մինչև տարեվերջ՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, թեև Թրամփը դեռ վերջնական կանաչ լույս չի վառել։

Պենտագոնն ու ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) արդեն առանձնացրել են խոցման ենթակա հիմնական թիրախները՝ Իրանի էներգետիկ ցանցը, ռազմական բազաներն ու միջուկային համալիրները։ Ամերիկյան հետախուզությունը զգուշացնում է, որ եթե հարվածները սկսվեն, Իրանն ու Եմենի հութիներն ակնթարթորեն կպատասխանեն՝ գրոհելով ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող ամերիկյան ուժերն ու բազաները։

ԱՄՆ-ն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմ էին սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց լայնածավալ հարվածներ իրականացնել Իրանի ուղղությամբ՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Հորմուզի նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։ Հետագայում ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարեց Իրանի դեմ մեծածավալ ռազմական ուժի կիրառումից հրաժարվելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես խեղդելու մարտավարությանն անցնելու մասին։