Երկարատև երաշտի պատճառով Անգլիայի մի շարք ջրամբարներ կարող են ամբողջությամբ ցամաքել, ինչը վտանգում է բնակելի տների ջրամատակարարումը։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «The Times» թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ բրիտանացի նախարարներին դռնփակ ռեժիմով զգուշացրել են, որ մինչև Սուրբ Ծնունդ մի քանի ջրամբարներ հնարավոր է ցամաքեն։ Կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեն շաբաթական մինչև երկու անգամ նիստ է գումարում՝ Անգլիայի հարավ-արևմուտքում և Սասեքսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Ըստ թերթի՝ որոշ ջրամբարներում ջրի պաշարները կարող են սպառվել արդեն առաջիկա շաբաթներին։ Պաշտոնյաները զգուշացրել են, որ եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն, ապա կարող են տուժել մի շարք տների ջրամատակարարումը, ատոմակայանի շինարարությունն ու բանտի բնականոն աշխատանքը։
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը փաստում է, որ Անգլիայի տարածքի 82%-ում երաշտ է տիրում։ Անցած ամառ գրանցված ռեկորդային շոգերից հետո՝ հոկտեմբերին, Անգլիայի հարավում և հյուսիսում երաշտի առավելագույն մակարդակ էր հայտարարվել, ուստի որոշ շրջաններում ջրային ռեսուրսները վերականգնելու համար առաջիկա կես տարվա ընթացքում կպահանջվի տեղումների սովորական նորմայի մինչև 120%-ը։





























