ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հավաստիացնում է, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ ոչ մի կապ չունի։
«Օրենսդրական նախաձեռնությունը 2017-2018 թվականներին է մշակվել, հընթացս մենք մոնիտորինգի ենք ենթարկել ամբողջ օրենսդրության կատարողականը, բացահայտել ենք, որ թե օրենսդրական խնդիրներ ունենք թե գործնական խնդիրներ»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Հարգելի լրագրողներ, դուք էլ եք բազմիցս ինձ հարցեր հղել ընտանեկան բռնության դեպքերի ոչ պատշաճ քննության կամ ոչ պատշաճ օրենսդրական գործիքակազմ ունենալու մասով, և մենք անկախ նրանից, թե որ ուղղությամբ է հարցադրումը, եթե հասունացել է պահը, որ մենք ունենք նախաձեռնություն, պատկերացնում ենք որ լուծմամբ ենք գնալու առաջ, նախաձեռնությունը վրա է հասնում։
Այս դեպքում գործընկերների հետ քննարկել ենք և պատգամավորները հանձն են առել նախաձեռնությամբ հանդես գալու։ Գիտեք, որ նույն պատգամավորական կազմով նաև վերջերս ունեցել ենք նախաձեռնություն, որը ընդունվել է։
Կհիշեք նաև, որ եղել են նաև այս նախաձեռնության մեջ առկա որոշակի դրվագներ, որոնք այն ժամանակ չընդունվեցին, բավական մեծ դիմադրության արժանացան և կարծում եմ՝ գործընկերները գնացին այն ճանապարհով, որ ավելի լավ է որոշակի հարցեր կարգավորեն, գոնե այդ փուլում հանգուցալուծենք այդ փաթեթը, քան անվերջ քննարկումների փուլ մտնենք։ Ես համակարծիք եմ եղել այդ մոտեցման հետ, սա հերթական շրջափուլն է, որով էլ ավելի համալիր կերպով հետ հայացք գցելով մեր ունեցած վերջին տարիների պրակտիկային որոշակի փոփոխություններ ենք առաջարկում, որը ես վստահ եմ, որ էական փոփոխությունների կբերի պրակտիկայում:
Այո, սա մեր հասարակությանը անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, որը մենք բերել ենք և ներկայացնում ենք»,– հայտարարեց նախարարը։



























