ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի ընտրություններից առաջ Իրանին համատեղ հարված հասցնելու Բենիամին Նեթանյահուի առաջարկը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին։
«Նեթանյահուն շատ էր ցանկանում և փորձում էր համոզել Թրամփին՝ մինչ ընտրությունները Իրանի վրա համատեղ հարձակում գործելու անհրաժեշտության հարցում, սակայն Թրամփը չհամաձայնեց»,– հեռուստաալիքը մեջբերում է իսրայելական աղբյուրի խոսքերը։ Նրա փոխանցմամբ՝ պատճառներից մեկը եղել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի նախազգուշացումը, որն ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հայտնել էր, թե հարվածը կվնասի Իսրայելում ընտրություններին և կհանգեցնի դրանց հետաձգմանը։
CNN-ի զրուցակիցների տվյալներով՝ վերջին շաբաթներին Իսրայելը նախապատրաստվում էր Իրանի վրա հարձակմանը և այդ հարվածների հարցն առաջ էր մղում ամերիկացի պաշտոնյաների շրջանում, սակայն այժմ հետաձգել է ծրագրերը և պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունների, հավանաբար՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Նրանք պարզաբանել են, որ Իսրայելը հետաձգմանը համաձայնել է մասամբ այն պատճառով, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգների աջակցության կարիքն ունի։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին առնչվող պայմանավորվածությունների կետերը խախտելու մեջ։ Դրանով է փոխադրվում նավթի համաշխարհային առևտրի շուրջ 25%-ը և հեղուկացված բնական գազի մոտ 20%-ը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման դադարեցման և պատժամիջոցների միջոցով նրան տնտեսապես խեղդելու փորձին անցնելու մասին։





























