Վիզաների ազատականացման մասով գլխավոր բանակցողն եմ հանդիսանում, և տրամաբանական է, որ ցանկացած ներքին շարժի, այսպես, թե այնպես, տեղեկացված եմ լինում, բայց մեր պլաններում ոչինչ չի փոխվել, եվրոպացի գործընկերների հետ շարունակում ենք մեր կոմունիկացիան ապահովել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արիփնե Սարգսյանը։
Անդրադառնալով նրան, որ Միացյալ Նահանգներից հայերի են արտաքսում Հայաստան, նաև ԵՄ երկրներում խստացնում են միգրանտների նմատմամբ վերաբերմունքը, նա ասաց. «Երբ տարբեր երկրների օրինակներն ենք դիտարկում, պիտի նկատի ունենանք, որ կարող է հարցը կապված լինել, օրինակ, անօրինական միգրացիայի հետ, կամ տարբեր բողոքի ցույցերի, որոնք կարող են վերաճել ահաբեկչական ակտի կամ ցանկացած այլ գործողության, հանցագործության։ Այսինքն ուղիղ համեմատական տանել, որ եթե որևէ երկրում որևէ բան է տեղի ունենում, դա ուղիղ պիտի ազդի վիզաների ազատականացման հարցով մեր երկխոսության վրա, այդպիսի պնդում անել չենք կարող։
Սրա կողքին պիտի նկատի ունենանք, որ արդեն իսկ ստացված գործողությունների ծրագրի մեջ բավական մեծ բաղադրիչ կա միգրացիոն կառավարման մասին, այսինքն եվրոպացի գործընկերները ուզում են վստահ լինել, որ Հայաստանը միգրացիոն պատշաճ քաղաքականություն ունի, որ օրինակ, եթե անօրինական միգրանտներ են հայտնվում այս տարածքում, պիտի նրանց արտաքսենք կամ կամավոր վերադարձ ապահովենք, կամ սահմանների համալիր կառավարումը պիտի պատշաճ կերպով կազմակերպվի և այսպես շարունակի։
Ինչ վերաբերում է տարբեր երկրներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ ազգությամբ հայերին արտաքսելուն, սրանք կարող են լինել ստանդարտ պրոցեսներ, որոնք կապված կարող են լինել, օրինակ, ժամկետի խախտմամբ տարածքում մնալու հետ։ Դրանք ցանկացած երկրի միգրացիոն քաղաքականություններն են, որոնք վարվում են, և եթե կա կանոնի խախտում, տրամաբանական է, որ կարգապահության ցանկացած շեղում յուրաքանչյուր պետություն արձագանքում է։
Ես թվային տվյալ չեմ կարող ասել, որովհետև դրանք յուրաքանչյուր պետության մակարդակով անհատական իրականացվող դեպքերն։ Այսինքն այնպես չէ, որ հատուկ հայերին արտաքսում են որևէ երկրից կամ որոշել են մեծ խմբով արտաքսել»,–ասաց նախարարը։




























