Ճանապարհային երթևեկության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետություն կարող է կամ խստացված բալային քաղաքականություն ունենալ, կամ խստացված տուգանքային քաղաքականություն ունենալ, կամ դրանց համատեղումը կարող է լինել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արիփնե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները էապես ավելացնում են վարորդների տուգանքները, ինչը դժգոհության ալիք է առաջացրել։
«Հավատացեք, մեր առաջարկած 20 000 դրամի տուգանքը որևէ աղերս չունի եվրոպական տարբեր երկրների առաջարկած տուգանքի և բալային քաղաքականության հետ։ Այնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ մեկ անգամ ամրագոտի չկապեցին, դա կարող է բերել մի քանի 100 եվրո տուգանքի կամ բալային այնպիսի խիստ քաղաքականության, որը կարող է վերջնարդյունքում կամ զրկման հանգեցնել, կամ անձը գիտի, որ երբ գործը հասավ հարկադիր կատարման, միևնույն է՝ տուգանքը գանձվելու է»,–ասաց նա։
ՆԳ նախարարը հիշեցրեց, որ վերջին ժամանակահատվածում տարբեր փոփոխություններ են իրականացրել, այդ թվում 20% բոնուսային նվազեցումը թղթային ծանուցումից էլեկտրոնային ծանուցման անցնելու մասով, և 30% նվազեցումը 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու մասով. «Դուք օբյեկտիվորեն բողոքում եք, օրինակ, խցանումներից կամ տարբեր իրավիճակներից։ Հիմա երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել, բայց իրավիճակի փոփոխություն կարող է չլինել։
Հիմա պետության այլընտրանքը ո՞րն է, կամ բոլորս պիտի կոնսենսուսի գանք, որ այլևս չենք բողոքում երկրորդ գիծ կանգնած մեքենաներից, պետք է հաշտ լինենք, որ դրանք խցանում են առաջացնում, և հաշտ լինենք նաև նրա հետ, որ պետության առաջարկած տուգանքը երկրորդ գիծ կանգնելու ավելի էժան է ստացվում՝ 20 և 30% բոնուսի կիրառման հետ, քան սովորական, օրինակ, ավտոկայանատեղուում կանգառ անելը, որը օրինաչափ պրակտիկա է։
Այս պայմաններում, որքան էլ որ պարեկները առանց հանգստի, առավոտից երեկո մի կողմ թողնելով իրենց իրական մենեջմենթը, լծված են կարգապահության վերականգնմանը և նկատում ենք, որ նույնիսկ, երբ որ պարեկները 172%-ով, օրինակ, ավելի պատասխանատվության միջոց են կիրառում, ավելի շատ բացահայտում ունեն, դա որևէ ձևով չի նպաստում, որ, օրինակ, անձինք դադարեն այդ խախտումներն անել:
Այս պայմաններում պիտի գնանք խստացման։ Ընդ որում խստացման ոչ այն տրամաբանության մեջ, որ մենք հավակնելու ենք ավելի շատ եկամուտ բերել պետությանը, այլ այն տրամաբանության մեջ, որ անձը երկու կամ երեք անգամ կմտածի, արդյոք պատրաստ է երկրորդ գիծ կանգնելու՝ վճարելով համապատասխան տուգանք և զրկվելով բալային միավորից, թե ոչ»,–ասաց ՆԳ նախարարը։
Նա նկատեց, որ ճիշտ չէ մտածել, որ երկրորդ գիծ կանգնելը նորմալ է, ուստի պետք չի բարձր տուգանքներ սահմանել. «Եթե մենք բոլորս հաշտվել ենք նրա հետ, որ լավ երկրորդ գիծ կանգնելը նորմալ է, եկեք քննարկենք տուգանքի չափերը, կներեք, բայց ես չեմ ուզում, որ մենք այդ խոսակցության մեջ մտնենք։ Եկեք իրար հետ այն խոսակցությունը վարենք, որ չի կարելի ուղղակի երկրորդ գծում կանգնել, չի կարելի առանց քարսիթի երթևեկել
24-25 թվականները հանրագումարով 95 կյանք փրկվել է Հայաստանի Հանրապետության ճանապարհներին, այսինքն մեր վարչարարության արդյունքում 95-ով պակաս զոհեր ենք ունեցել ավտոճանապարհներին։
Այսօրվա տվյալով արդեն նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ յոթ զոհով պակաս ունենք և 40 վիրավորով պակաս ունեն, քան եղել է նույն ժամանակահատվածը 2025 թվականին»,–ասաց Արփինե Սարգսյանը։





























