Հռոմում իտալացի տաքսիստներն այս երկուշաբթի բողոքի ակցիա են սկսել վառելիքի թանկացման դեմ, ինչը հարցականի տակ է դնում նրանց աշխատանքի շահութաբերությունը։

Ցույցն ընթանում է Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության շենքի առջև. մասնակցում է շուրջ 100 մարդ։

Կազմակերպիչները պահանջում են, որ իշխանություններն աջակցեն ոլորտին՝ ընդգծելով, որ վառելիքի գնաճի պատճառով վարորդների եկամուտները կտրուկ նվազել են։ Արհմիությունների ներկայացուցիչները մտադիր են իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնել նախարարությանը։

«Մենք բազմիցս խնդրել ենք երկխոսություն սկսել և բանակցային հարթակ ստեղծել, բայց այդպես էլ չկարողացանք հասնել դրան։ Մենք ուզում ենք կառավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծումներ գտնել այս ոլորտի աշխատողների համար»,— նշել է արհմիության ներկայացուցիչ Ռոբերտո Մասոլոն։

Նրա խոսքով՝ վառելիքի թանկացման ծանր հետևանքները դեռ երկար են զգացվելու, ուստի իշխանությունները պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն։ «Տաքսու ղեկին իմ 40 տարվա փորձից գիտեմ, որ նման իրավիճակները ձգձգվում են ու աղքատացնում մարդկանց։ Պետք է առաջ անցնել խնդրից, ոչ թե սպասել, մինչև հիվանդն անկողին ընկնի»,— ասել է նա։

Բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում, սակայն այն անցկացվում է հետիոտն ձևաչափով։ Հավաքին միացել են միայն այն տաքսիստները, որոնք այդ պահին հերթափոխի մեջ չեն, հանգստանում են կամ արձակուրդում են, այնպես որ ավտոմեքենաներ հրապարակ դուրս չեն բերվել։

Մինչև նախորդ շաբաթվա վերջ Իտալիայում վառելիքի գների աճի դեմ բողոքում էին նաև բեռնափոխադրողները, ինչն ուղեկցվում էր երկրի հարավում ճանապարհների և տրանսպորտային հանգույցների շրջափակմամբ։ Այդ գործադուլները հանգեցրել էին խանութներում ու շուկաներում սննդամթերքի մատակարարման խափանումների, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք օդանավակայաններում ավիավառելիքի սուր պակասի։