Երբ ժամանակին ասվում էր, որ այս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու է, մի հատ տրաքեց, մի հատվածը փոխեցին, մյուս հատվածում տրաքեց, մինչև որ եկանք հանգեցինք նրան, որ ամբողջ այդ դրված խողովակաշարը բռակ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազատության պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած մեծ վթարին, որի հետևանքով երկար ժամանակ հարակից տարածքներում ջրանջատում էր տեղի ունեցել։

«Սա մեզ հայտնի էր շատ ավելի վաղ, մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որն իրոք գիտեինք, և կարծում եմ՝ այստեղ շատ երկար բարակ մտածելու բան չկա։ Այո, պետք է խզել պայմանագիրը, ու պետք է խզել շտապ։ Այո, թող գնան «սև ցուցակ», հերիք եղավ, կյանքներս կերան։

Պռոշյան-Պարոնյան հատվածը սաղ տարին այդպես քանդած թողեցին, Ազատության պողոտան էլ ամիսը մի անգամ մի հատ ֆանտան էր անում, որովհետև որոշել էին գնալ էժան տարբերակով։ Խզել, հետո հրատապության կարգով կգտնեք նորմալ ընկերություն, որը կգա, կլրացնի այդ հատվածը։ Պիտի պատժվեն էդ մարդիկ, ինձ չի հետաքրքրում, խզեք»,–ասաց Ավինյանը։

Նա նաև հայտարարեց, որ քաղաքապետարանը չի խրախուսում, որ մալուխները օդով են անցնում. «Ես հասկանում եմ, որ շատ բարձր գին է դրված՝ 10 000 դրամ մեկ մետրի համար, բայց եկեք հակառակ կողմից գնանք, եկեք հասկանանք ինչպես անենք, որ այդ լարերը գնան գետնի տակ։ Այսինքն լուծումները այդ ուղղությամբ պետք է գնան, և չպիտի գնան՝ վայ մի բան անենք, էժանացնենք օդում ավել լար կարողանանք կախել»։