Եղեգնաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ կարգով է տեղի ունենալու համայնքի ղեկավարի ընտրությունը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եղեգնաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ձեր քվեն ինձ և իմ թիմին վստահելու համար։

Սիրելի՛ բնակիչներ,

Իմ պարտքն եմ համարում ՏԻՄ ընտրությունների հետագա ընթացքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների մասին տեղեկատվության տրամադրումը։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է կողմ քվեարկած ձայների 46.86%-ը (7197 քվե), «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 5.07%-ը (779 քվե), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 48.06%-ը (7382 քվե)։

Հրապարակված տվյալների հիման վրա և համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանու մանդատների բաշխումը իրականացվելու է հետևյալ կերպ՝

· «Հանրապետություն» կուսակցություն – 13 մանդատ

· «Նոր դարաշրջան» կուսակցություն – 1 մանդատ

· «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 13 մանդատ։

Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրությունը կանցկացվի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի։

· Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

· Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»։

Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։