Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործընկերների հետ՝ քննարկելու արդարադատության ոլորտում թվայնացման բարեփոխումների օրակարգը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթությունները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում Օկսաննա Աբրահամյանն ընդգծել է, որ պետական համակարգի և հանրային ծառայությունների շարունակական թվայնացման համատեքստում արհեստական բանականության (AI) գործիքների կիրառումը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։ Նպատակն է զարգացնել ավելի խելացի, արդյունավետ և քաղաքացիների կարիքներին ու սպասումներին համապատասխանող թվային համակարգեր՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը։

Կողմերը վերահաստատել են թվայնացման ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ կարևորելով նորարարական լուծումների խթանումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը։

Արդարադատության նախարարությունը կարևորում է ԱԶԲ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ուղղված թվային վերափոխման գործընթացի առաջմղմանը և ժամանակակից, քաղաքացինակենտրոն ծառայությունների զարգացմանը։