Գիտնականները պարզել են պայմանները, որոնք հնարավորություն են տալիս Էլ Նինյո և Լա Նինյա որոշ երևույթներ կանխատեսել դրանց սկսվելուց մեկ տարի առաջ, ինչը մարդկանց զգալիորեն ավելի շատ ժամանակ կտա ծայրահեղ եղանակային երևույթներին նախապատրաստվելու համար։ Science Advances հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կանխատեսման ժամանակահատվածի սկզբում Խաղաղ օվկիանոսի վիճակը որոշիչ դեր է խաղում Էլ Նինյո - Հարավային տատանումի (ENSO) երկարաժամկետ կանխատեսումների ճշգրտությունը որոշելու հարցում, ինչի մասին հաճախ մոռանում են։
ENSO-ն, որը ներառում է Էլ Նինյոյի և Լա Նինյայի փուլերը, ազդում է ամբողջ աշխարհում եղանակային պայմանների վրա։ Թեև այդ երևույթների գագաթնակետը սովորաբար լինում է դեկտեմբերին, և դրանք կարելի է վստահորեն կանխատեսել մոտավորապես 6 ամիս առաջ, ավելի վաղ կանխատեսել դրանք երկար ժամանակ չէր հաջողվում։
Ավստրալացի գիտնականները CSIRO-ից և Մելբուռնի համալսարանից վերլուծել են ENSO-ի ավելի քան 7500 պատմական կանխատեսումներ, որոնք կազմվել էին 9 երկրում մշակված կլիմայական մոդելների հիման վրա, և պարզել են, որ կանխատեսումը կազմելու պահին Խաղաղ օվկիանոսի վիճակի՝ Էլ Նինյո, Լա Նինյա կամ չեզոք վիճակ լինելու մասին գիտելիքը կարող է արժեքավոր տեղեկություն տալ այն մասին, թե որքան հուսալի կլինի կանխատեսումը մեկ տարի անց։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Լա Նինյայի ժամանակահատվածում կազմված կանխատեսումները կայունորեն ճշգրիտ էին նույնիսկ Էլ Նինյո-Հարավային տատանումին առնչվող իրադարձությունները մեկ տարի առաջ կանխատեսելիս, մինչդեռ չեզոք պայմաններում կազմված կանխատեսումները շատ ավելի քիչ հուսալի էին, գրում է «Научная Россия»-ն։
Հետազոտության համահեղինակ, Մելբուռնի համալսարանի դոկտոր Մենդի Ֆրոյնդը հայտարարել է, որ ստացված արդյունքները թույլ են տալիս նորովի գնահատել երկարաժամկետ կլիմայական կանխատեսումների հավաստիությունը. «Այն փաստը, որ Լա Նինյայի տվյալների վրա հիմնված տարեկան կանխատեսումներն արդյունավետ բոլոր ինը փորձարկված մոդելներում, վկայում է, որ Լա Նինյայի պայմաններում կա ինչ-որ բան, որը Խաղաղ օվկիանոսի արևադարձային համակարգը դարձնում է ավելի կանխատեսելի հաջորդ տարվա ընթացքում»։
Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Նանդինի Ռամեշը նշել է, որ հետազոտությունը կօգնի բարելավել վաղ նախազգուշացման համակարգը. «Մեր արդյունքների ամենաուշագրավն այն է, որ մենք կարող ենք որոշել, թե որ կանխատեսումներին կարելի է ավելի շատ վստահել, և հանրությանը Էլ Նինյոյի երևույթների մասին զգուշացնել շատ ավելի վաղ»։
Գիտնականները պարզել են նաև, որ կանխատեսման զանազան մոտեցումներ կարող են կիրառելի լինել տարբեր կլիմայական պայմանների համար։ Մինչդեռ ֆիզիկական օրենքների վրա հիմնված ավանդական մոդելները չէին կարողանում հաղթահարել չեզոք պայմաններում կանխատեսումը, մեքենայական ուսուցումը և վիճակագրական մոդելները կարող են բարձրացնել կանխատեսման արդյունավետությունը նման իրավիճակներում։
Հետազոտությունը հնարավորություն է ընձեռում նորովի դիտարկել ENSO-ի կանխատեսելիության վրա ազդող գործոնները և, ի վերջո, բարձրացնել Էլ Նինյոյին և Լա Նինյային առնչվող երաշտներին, ջրհեղեղներին և այլ կլիմայական երևույթներին պատրաստվածության մակարդակը։




























