Երկրի կայուն կլիմայական համակարգերն արագորեն փոխվում են։ Ինչպես գիտնականները նախազգուշացրել են «Կլիմայի վիճակը 2026 թվականին. խնդիրներ և հնարավորություններ» զեկույցում, դա պարզապես ապագայի մասին նախազգուշացում չէ, այլ ներկայի ախտորոշում։ Հեղինակներն առանձին ուշադրություն են դարձրել ծայրահեղ եղանակային երևույթներին, որոնց բախվել է մոլորակը 2025 թվականի սեպտեմբերից ի վեր։
Գիտնականների զեկույցը հրապարակվել է BioScience գիտական հանդեսում։ Հեղինակները նշել են, որ Երկրի կենսապահովման համակարգերը դուրս են գալիս կայունության սահմաններից։ Միևնույն ժամանակ փոփոխությունները տեղի են ունենում ավելի արագ, քան մարդիկ հասցնում են արձագանքել դրանց։
Հետազոտողները զեկույցը բաժանել են բաժինների, որոնցում վերլուծել են նաև ջերմոցային գազերի արտանետումների փոփոխությունները, ջերմաստիճանի աճը, բևեռներում և Գրենլանդիայում սառույցների հալման տեմպերի արագացումը, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացումը, անտառային հրդեհները և մարտական գործողությունների գոտիներում կլիմայական հետևանքները, գրում է Naked Science-ը։ Առանձին ուշադրություն նրանք հատկացրել են ծայրահեղ եղանակային երևույթներին, որոնք Երկիրը վերապրել է վերջին մեկ տարվա ընթացքում։
2025 թվականի սեպտեմբերին Բալիում ջրհեղեղ է տեղի ունեցել։ Այն անվանում են ամենաուժեղ ջրհեղեղը ինդոնեզական թերակղզում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։ Ջրհեղեղն առնվազն 17 մարդու կյանք է խլել։
«Ռագասա» թայֆունը 2025 թվականի սեպտեմբերին Հարավարևելյան Ասիայում և Չինաստանի հարավում ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել: Առնվազն 40 մարդ է զոհվել, վնասը գերազանցել է 2,86 միլիարդ դոլարը։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը 2025 թվականի հոկտեմբերին վերապրել է հզոր անտառային հրդեհներ։ Կրակը ոչնչացրել է Սիդնեյի ծայրամասերում ապրող մարդկանց գույքը և բնակիչներին ստիպել լքել իրենց տները։
Հոկտեմբերին Արևմտյան և Հյուսիսային Եվրոպան բախվել են «Էմի» փոթորկին։ Չորս մարդ է զոհվել։ Ավելի քան 832 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Նույն հոկտեմբերին Արևմտյան կիսագնդում մոլեգնել է հինգերորդ կարգի «Մելիսա» փոթորիկը։ Փոթորիկը հասել է Ատլանտյան օվկիանոսի համար ռեկորդային քամու արագության և հավասարվել նախորդ ռեկորդին։ Զոհվել է 95 մարդ, հիմնականում՝ Ջամայկայում և Հայիթիում գտնվողները։ Վնասը գերազանցել է 12,2 միլիարդ դոլարը։
2025 թվականի նոյեմբերին հզոր ջրհեղեղի են բախվել Ալբանիան և Հունաստանը։ Անձրևները շարունակվել են մի քանի օր։ Դրանք հանգեցրել են հանկարծակի ջրհեղեղների և սողանքների, որոնք փակել են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Նոյեմբերին ջրհեղեղ է վերապրել նաև Վիետնամը։ Երկրի հարավ-կենտրոնական ափին շատ ուժեղ անձրևները 90 մարդու կյանք են խլել։ Մոտ 235 հազար տուն հայտնվել է ջրի տակ։ Վնասը գնահատվել է 341 միլիոն դոլար։
Նույն ամսին ջրհեղեղ է տեղի ունեցել Սումատրայում։ Ինդոնեզիայում արևադարձային փոթորկի և մուսոնային անձրևների պատճառով զոհվել է 708 մարդ։ Անբարենպաստ եղանակը լուրջ վնաս է հասցրել ճանապարհներին, գյուղատնտեսական հողերին և ձեռնարկություններին։ Ծայրահեղ եղանակային երևույթները շարունակվել են նաև 2026 թվականին։ Հունվարին Միջերկրական ծովի տարածաշրջանում «Գարրի» ցիկլոնը ավերել է տներ և ձեռնարկություններ։ Ենթադրաբար, այն նաև նպաստել է նավի խորտակմանը, որի հետևանքով շուրջ 380 մարդ է զոհվել։ Հունվարին հզոր ձնային փոթորիկ են վերապրել ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչները։ Մի քանի մարդ զոհվել է։ Ձյան առատ տեղումների պատճառով չեղարկվել են բազմաթիվ ավիաչվերթներ։ Այն միաժամանակ հանգեցրել է էլեկտրականության լայնածավալ խափանումների։
Փետրվարը նշանավորվել է Կոլումբիայում ջրհեղեղներով։ 18 մարդ է զոհվել։ Ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 58 հազար ընտանիք ։
Փետրվարն անհանգիստ է եղել նաև Եվրոպայի համար։ Արևմտյան Եվրոպայում «Նիլս» փոթորկի պատճառով մեկ մարդ է զոհվել։ Բացի դրանից, փոթորիկը խաթարել է տրանսպորտի որոշ տեսակների աշխատանքը։ 850 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Նույն ամսին ջրհեղեղների է բախվել Բրազիլիան։ Երկրի հարավարևելքում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Զոհվել է 73 մարդ։ Ավելի քան 5500 բնակիչներ լքել են իրենց տները։
2026 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը վերապրել է անտառային հրդեհների շարք։ Իշխանությունները ստիպված են եղել կարգադրել բնակչության տարհանումը։ Նույն ամսին սաստիկ շոգը մոլեգնել է Հնդկաստանի զգալի մասում։ Միլիոնավոր մարդկանց առողջությունը հայտնվել է վտանգի տակ։
Մայիսին շոգի ալիքը պատել է Արևմտյան Եվրոպան։ Առնվազն յոթ մարդ է զոհվել։ Հիվանդանոցները գերբեռնվել են։ Տուժել են նաև տեղական էլեկտրացանցերը։ Հունիսին ջերմությունը հասել է Անտարկտիդա։ Տեղական օդերևութաբանական կայանները գրանցել են ջերմաստիճաններ, որոնք զգալիորեն գերազանցել են սեզոնային նորման։
Հունիսը հիշվել է նաև Եվրոպայում տանջող շոգով։ Մահացել է մոտ 14 հազար մարդ։ Շոգը 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին հասել է նաև ԱՄՆ-ի արևելք և Կանադայի հարավ։ Այն հանգեցրել է ուժեղ փոթորիկների և էլեկտրականության խափանումների, որոնք անդրադարձել են մոտ 50 միլիոն մարդու վրա։




























