Greenhill Forge մականունով բլոգերը ստեղծել է սառեցման ագրեգատի նախատիպ, որի հիմնական էներգիայի աղբյուրը կրակն է։ Այստեղ որպես սառեցնող նյութ օգտագործվում է թորած ջուրը, իսկ կալցիումի քլորիդը՝ տեխնիկական աղը, կլանում է դրա գոլորշիները։ Համակարգը աշխատանքի համար դեռ որոշակի քանակությամբ էլեկտրականություն է պահանջում՝ պոմպերի և վերահսկիչների աշխատանքի համար, սակայն դրա էներգասպառումը զգալիորեն ավելի ցածր է, քան կոմպրեսորով աշխատող դասական սառնարաններինը։ Այդ պատճառով այն կարող է աշխատել այնտեղ, որտեղ էլեկտրական ցանց չկա, բայց թեկուզ փոքր արևային վահանակ կամ հողմաղաց կա։

Այս համակարգում օգտագործվում է կլանողական սառեցում․ եթե ջուրը մատակարարվի շատ ցածր ճնշմամբ տարայի մեջ՝ մոտ 6 մբար ( մթնոլորտային ճնշման արտահամակարգային ճնշման չափման միավոր-խմբ.), դրա գոլորշիացումը սկսվում է եռման կետից զգալիորեն ցածր ջերմաստիճաններում։ Ընդ որում, հեղուկը կլանում է շրջակա միջավայրի ջերմությունը, ինչն էլ ստեղծում է սառեցման ազդեցություն, հաղորդում է Техкульт-ը։ Սակայն եթե այս գոլորշին ժամանակին չհեռացվի, այն կսկսի կուտակվել, ինչի հետևանքով համակարգում ճնշումը կբարձրանա, իսկ դրա արդյունավետությունը կնվազի։

Գոլորշին կլանելու համար Greenhill Forge-ն օգտագործում է աղ, ավելի ճիշտ՝ աղաջուր։ Երբ լուծույթը հագենում է գոլորշիով, այն փոխանցվում է տաքացուցիչ, որտեղ կրկին գոլորշու առաջացում է տեղի ունենում։ Այնուհետև գոլորշին անցնում է կոնդենսատոր, որտեղ ջուրը դառնում է հեղուկ և կրկին հայտնվում է ցածր ճնշմամբ տարայում։ Ցիկլը փակվում է, իսկ ամբողջ գործընթացն աղաջրով գործարկում է սկզբնական ռեզերվուարի տաքացումը սովորական կրակի օգնությամբ։

Փորձերի ընթացքում բլոգերին հաջողվել է կայանքի ջերմաստիճանն իջեցնել մինչև 5 °C՝ շրջակա միջավայրի մոտ 16 °C ջերմաստիճանի պայմաններում։ Պոմպերի հզորությունը կազմել է մոտ 30–50 Վտ։ Քանի որ սա նախատիպ է, առայժմ պարզ չէ, թե այն ինչպես կդրսևորի իրեն իրական աշխատանքի ժամանակ, հատկապես երկարատև օգտագործման դեպքում։ Մյուս կողմից, կլանողական սառնարանները վաղուց կիրառվում են այնտեղ, որտեղ էլեկտրամատակարարման խնդիրներ կան, իսկ այժմ Greenhill Forge-ը ցույց է տվել, որ նման կայանք կարելի է հավաքել սեփական ձեռքերով, թեև դա ամենահեշտ ձեռնարկը չէ։