COP17-ը կգնահատեն ոչ թե Երևանում արված հայտարարությունների քանակով, այլ այն երկարաժամկետ արդյունքներով, որոնց միասին կհասնենք COP17-ից հետո։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նա ներկայացրել է համաժողովի երկրորդ շաբաթվա երեք հիմնական առաջնահերթությունները։ Առաջինը քաղաքական առաջնորդության ամրապնդումն է՝ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու համար։ Մաթևոսյանի կարծիքով՝ կենսաբազմազանության հարցերը չպետք է մնան բացառապես շրջակա միջավայրի նախարարությունների իրավասության ներքո։ Դրանք պետք է հաշվի առնվեն այն որոշումների ընդունման ժամանակ, որոնք ձևավորում են տնտեսությունը, պետական բյուջեները և ներդրումները։
Երկրորդ առաջնահերթությունը գլոբալ նպատակները գործնական համագործակցության վերածելն է։ Այդ ուղղությամբ հայկական նախագահությունը չորս նախաձեռնություն կներկայացնի՝ ուղղված լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պաշտպանությանը, բնության պահպանության արդյունավետ տարածքային միջոցների խթանմանը, տեխնոլոգիաների օգնությամբ կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների մշակման կատարելագործմանը, ինչպես նաև վնասակար խթանների բարեփոխմանն ու դրական խթանների ընդլայնմանը։
Մաթևոսյանը հայտնել է նաև Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի «Նպատակ 18-ի բարեկամներ» նախաձեռնության մեկնարկի մասին: Դրա նպատակն է գործընկերություններ և մեխանիզմներ ձևավորել, որոնք COP17-ից հետո երկարաժամկետ արդյունքներ կապահովեն։
Երրորդ առաջնահերթությունը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ գնահատման արդյունքները գործնական գործողությունների վերածելն է։ Հենց դրան է ուղղված Հայաստանի առաջարկած «Երևանյան ուղին», որը ենթադրում է առաջընթացի գնահատման կապակցում գործնական որոշումների և ծրագրի իրականացման արագացման հետ, նշել է նա։
Նախարարը հավելել է, որ COP17-ի շրջանակում շարունակվում են կարևոր բանակցությունները։ Հայկական նախագահությունը կաշխատի բոլոր կողմերի հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու, կոնսենսուս ձևավորելու և հավասարակշռված ու բովանդակալից արդյունքների հասնելուն նպաստելու համար։





























