Հայաստանը հույս ունի, որ սահմանների սահմանազատման գործընթացի ավարտից հետո հնարավորություն կստանա Ադրբեջանի և այլ հարևան երկրների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև վերականգնել վերջին տասնամյակների ընթացքում հասցված էկոլոգիական վնասը։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով Շիկահողի արգելոցում ադրբեջանական կողմի իրականացրած էկոցիդի և Ջերմուկի շրջանում ծառերի զանգվածային հատման վերաբերյալ լրագրողի հարցին։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրում էր՝ արդյոք COP17-ը կարո՞ղ է դառնալ հարթակ, այդ թվում՝ կուլիսային քննարկումների համար, որտեղ Հայաստանը կկարողանա բարձրացնել Շիկահողի արգելոցում ադրբեջանական զինվորականների պատճառած էկոլոգիական վնասի, ինչպես նաև Ջերմուկում վերջերս տեղի ունեցած ծառերի զանգվածային հատման հարցերը։

Մաթևոսյանը հայտարարել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխվել․ ցանկացած բնապահպանական խնդիր և աղետ արժանի է դատապարտման։ «COP17-ում, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների շրջանակում անցկացվող այլ համաժողովներում և ընդհանրապես բազմակողմ բնապահպանական բանակցությունների ընթացքում, մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բնապահպանական խնդիրները չեն սահմանափակվում առանձին երկրներով և սահմաններով։ Բնությունը սահմաններ չի ճանաչում, հետևաբար մեր որոշումներն ու քաղաքականությունը նույնպես չպետք է ճանաչեն դրանք»,- նշել է նախարարը։

Միաժամանակ Մաթևոսյանը շեշտել է, որ իր համար՝ որպես Հայաստանի քաղաքացու և քաղաքական իշխանության ներկայացուցչի, առաջնահերթությունը մնում են երկրի ազգային շահերը։ «Երբ խոսքը վերաբերում է սահմաններին և մեր հարաբերություններին հարևանների հետ, մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով», - հայտարարել է նա։ Ըստ նախարարի՝ ինքը հույս ունի, որ սահմանների սահմանազատման ավարտից հետո Հայաստանը կկարողանա համատեղ իրականացնել բնապահպանական ծրագրեր ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս հարևան պետությունների հետ։ Մաթևոսյանը նշել է, որ միջազգային հիմնադրամները երկրներին հնարավորություն են տալիս նախագծերը համատեղ ներկայացնել մեկ միասնական փաթեթով։ Նա վստահություն է հայտնել, որ սահմանազատման ավարտից հետո նման հնարավորություններ կհայտնվեն նաև Հայաստանի համար։ «Մենք կփորձենք վերականգնել բոլոր այն էկոլոգիական կորուստները, որոնք կրել ենք վերջին տասնամյակների ընթացքում», - եզրափակել է նախարարը։