Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարն այսօր նախագահ է ընտրել երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ով կուսակցությանն է անդամագրվել երեքշաբթի օրը, հաղորդում է ria.ru-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով գլխավորել է «Եդինայա Ռոսիան» 2008-2012 թվականներին, վայր է դրել կուսակցության նախագահի իր լիազորությունները:

«Եդինայա Ռոսիայի» անդամներն ընդգծում են, որ առաջին անգամ նախագահ կդառնա կուսակցության անդամը» Մեդվեդեւը, ով դեռ երկրի նախագահ եղած ժամանակ համաձայնել էր գլխավորել «Եդինայա Ռոսիան», երկուշաբթի օրը կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել սկզբնական կազմակերպությանը:

Երեկ` մայիսի 25-ին, կուսակցականները երեք թեմատիկ սեկցիաներում Մեդվեդեւի հետ քննարկել են ներկուսակցական խնդիրները:

Նա առաջարկել է, որ «Եդինայա Ռոսիան» դառնա ավելի բաց կառույց եւ ներկուսակցական ժողովրդավարության առումով աննախադեպ մակարդակի հասնի: Մեդվեդեւը մի քանի հեղափոխական գաղափարաներ է առաջ քաշել, որոնք իրենց արտացոլումը կգտնեն կուսակցության կանոնադրության մեջ:

Մասնավորապես, ՌԴ վարչապետն առաջարկել է անցնել ընտրություններով որոշել կուսակցության բոլոր մակարդակների կառույցների քարտուղարներին, նահանգապետերի եւ քաղաքապետերի իրենց թեկնածուներին:

Մեդվեդեւը նաեւ անհրաժեշտ է համարել, որ Պետական դումայի խոսնակի պաշտոնում այլընտրանքային թեկնածության առաջ քաշումը:

Նա կոչ է արել կուսակիցներին ավելի ակտիվ քննարկումներ ու բանավեճեր ծավալել իրենց ընդդիմախոսների հետ, չվախենալով մոդեռնիզացիայի ընթացքում առաջացող խնդիրներից: