Այս շաբաթ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը կտրուկ աճել է, երբ Փհենյանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կրկնելով մեղադրանքները, ըստ որոնց Սեուլը սեպտեմբերին ականին առնչվող միջադեպը բեմականացրել է, ինչպես նաև այն իրավիճակից հետո, երբ Հյուսիսային Կորեայի հաուբիցները նկատվել են սահմանի մոտ։ Դրա մասին հայտնում է Reuters‑ը։

Երկուշաբթի նկատվել են Հյուսիսային Կորեայի երեք զրահամեքենաներ, որոնք տեղակայված էին աչքի ընկնող վայրում՝ սահմանից ոչ հեռու։

Հարավկորեական Yonhap գործակալությունը երկուշաբթի այդ երեք մեքենաները նույնականացրել է որպես ինքնագնաց 122 մմ հաուբիցներ՝ նշելով, որ դրանց տեղակայումը սահմանի մոտ նման հրետանու հազվադեպ հրապարակային ցուցադրություն է դարձել։

Հյուսիսային Կորեայի երեք զրահամեքենաներն ուղղված էին դեպի հարավ, իսկ մոտ 20–30 հյուսիսկորեացի զինվորներ աշխատանքներ էին կատարում ապառազմականացված գոտու ներսում ցանկապատեր տեղադրելու համար։

«Դա դիտավորյալ ցուցադրելով՝ Հյուսիսային Կորեան ոչ թե խոսքով, այլ գործողություններով ազդարարում է իր սահմանային քաղաքականությունը երկխոսության կամ բանակցությունների փոխարեն ուժով իրականացնելու մտադրության մասին»,- հայտարարել է Սեուլի Կյոննամ համալսարանի պրոֆեսոր Լիմ Իլ Չհոլը։

Նա հավելել է նաև, որ Փհենյանը Հարավային Կորեային կոչ է անում զգուշություն ցուցաբերել սահմանի վրա լարվածության սրման պայմաններում՝ ձգտելով կանխել պատահական բախումը։

Ինչպես հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությունը, կիրակի ուղարկված նամակում ՄԱԿ-ում ԿԺԴՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սեուլը ականներին առնչվող միջադեպն օգտագործում է՝ Փհենյանի սահմանային շինարարական աշխատանքները որպես ռազմական ներխուժում ներկայացնելու համար։

Նամակում ԿԺԴՀ-ն նախազգուշացրել է, որ իր ինքնիշխանության խախտումը կարող է դրդել ինքնապաշտպանության կարգով միջոցների ձեռնարկմանը, և որ դրանից բխող բոլոր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հարավային Կորեան։