Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ն ամբողջ աշխարհում իր աշխատակիցներին առաջարկում է կամավոր հեռանալ ընկերությունից՝ փոխհատուցմամբ, երկուշաբթի հայտարարել է մարդկային ռեսուրսների տնօրենը։

Աշխատակազմին ուղարկված ծառայողական գրության մեջ Էմի Քոուլմանը Voluntary Exit Offer ծրագիրն անվանել է «վերափոխումների նկատմամբ մոտեցումը փոխելու եղանակի կարևոր մաս՝ ստեղծելով ավելի մեծ ճկունություն, ըստ այդմ չբացառելով, որ իրենց հաջորդ մասնագիտական փուլը ձևավորելու համար աշխատակիցներին ավելի շատ հնարավորություններ են ընձեռվում», հաղորդում է Euronews-ը։

Առաջարկը հասանելի կլինի ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի առանձին թիմերի այն աշխատակիցներին, որոնք ունեն «70 և ավելի ցածր մակարդակ», այսինքն՝ ծրագրի շրջանակում կարող են ներառվել նաև որոշ ղեկավարներ։

«Դա ժամանակով սահմանափակ, կամավոր ծրագիր է, որն իրավունք ունեցողներին հնարավորություն է ընձեռում հեռանալ Microsoft-ից՝ ստանալով ֆինանսական աջակցություն և կարիերայի պլանավորման ռեսուրսներ»,- ասվում է գրության մեջ։

Այնտեղ նաև նշվում է, որ առաջիկա ժամերին ծրագրի պայմաններին համապատասխանող աշխատակիցները էլեկտրոնային փոստով նամակ կստանան՝ իրենց առաջարկների հղումով։

Հաղորդվում է, որ մասնակցել կկարողանա մոտ 60 հազար մարդ։

Հուլիսին Microsoft-ը հայտարարեց մոտ 4800 հաստիքի կրճատման մասին, կամ այն ժամանակվա իր համաշխարհային աշխատակազմի մոտ 2,1 տոկոսի, ձգտելով վերակողմնորոշել բիզնեսը և կրճատել ծախսերը՝ արհեստական բանականության դերի ամրապնդման ֆոնին։ Այդ կրճատումները հիմնականում ազդել են ընկերության առևտրային ստորաբաժանման և Xbox խաղային բիզնեսի վրա։

Այս տարի Microsoft-ը նաև աշխատակիցների մի մասին վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ընձեռել։

Ընկերության տվյալներով՝ վաղաժամ կենսաթոշակի ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող աշխատողների ավելի քան 30 տոկոսը համաձայնել է առաջարկին, և կորպորացիան հայտարարել է, որ «շարունակելու է ուսումնասիրել նմանատիպ մոտեցումները»։