«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։
Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։
Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։
Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























