ԱՄՆ ռազմաօդային ուժերը 694 մլն դոլարի պայմանագիր են կնքել «Lockheed Martin» ընկերության հետ՝ AGM-183A (ARRW) օդային բազավորման գերձայնային հրթիռների սերիական արտադրության և սպառազինության մեջ ներդրման համար։
Սավառնող մարտական մասով AGM-183A ARRW գերձայնային հրթիռի նախագիծն ամերիկյան գերձայնային զենքի ստեղծման առանցքային ծրագիրն է։
Զինվորականները նշել են, որ ARRW-ն թույլ կտա ամերիկյան ռազմական ավիացիան զինել գերարագ հարվածային միջոցներով, որոնք ունակ են թիրախներ խոցել մեծ հեռավորությունից։ Ընդ որում, ռմբակոծիչները կկարողանան գործել հակառակորդի հակահրթիռային պաշտպանության հասանելիության գոտուց դուրս։
«ARRW-ի ընդունումը սպառազինության մեջ ընդլայնում է աշխարհի ցանկացած կետում թիրախներ խոցելու մեր հնարավորությունները,— նշել է ՌՕՈւ շտաբի պետ, գեներալ Քեն Ուիլսբախը։— Այս գերձայնային զենքը միացյալ ուժերին տալիս է արագ արձագանքման ճկուն գործիք՝ հակառակորդի կողմից ուժգին հակազդեցության պայմաններում»։
Նախագծային տվյալներով՝ AGM-183A գերձայնային հրթիռի խոցման հեռահարությունը 1600 կմ է, իսկ արագությունը գերազանցում է 5 Մախը։ Այս տիպի հրթիռներով նախատեսվում է առաջին հերթին զինել B-52H ռազմավարական ռմբակոծիչները, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա կրել չորսական AGM-183A։
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հրթիռների արտադրության մեկնարկի համաձայնագիրը կնքվել էր դեռ սեպտեմբերի 29-ին, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվում է միայն հիմա։





























